Հարգելի բարեկամ ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի պատմության ինստիտուտի ինտերնետային կայքի ստեղծումը կարևոր իրադարձություն է մեր հաստատության կյանքում: Այն հնարավորություն է ընձեռում համայն աշխարհին նորագույն հաղորդակցման և տեղեկատվության փոխանակման մեթոդներով տեղեկանալ Հայոց լեռնաշխարհի, Հայ ժողովրդի կազմավորման, պետական կազմավորումների, Հայկական հարցի ու Հայոց ցեղասպանության, Հայկական սփյուռքի, ԼՂՀ հռչակման և կայացման, ազգային ազատագրական պայքարի և Հայոց պատմությանն առնչվող տարրաբնույթ այլ խնդիրներին: Կայքը կներկայացնի աշխարհասփյուռ հայությանը և օտարներին հայի ինքնությունն ու անցած ուղին` հայերեն, ռուսերեն, այնպես էլ անգլերեն լեզուներով: Կայքի հիմնական խնդիրներից է նաև համարժեք գնահատական տալը պատմական ճշմարտության բոլոր խեղաթյուրումներին և աղավաղումներին, որոնք մեր օրերում արդեն դարձել են սովորական երևույթ:
ՀՀ ԳԱԱ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՏՆՕՐԵՆ, Պ.Գ.Դ, ՊՐՈՖԵՍՈՐ, ՀՀ ԳԱԱ ԹՂԹԱԿԻՑ ԱՆԴԱՄ ԱՇՈՏ ՄԵԼՔՈՆՅԱՆ
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտը պետական ոչ-առևտրային կազմակերպություն է, որը գտնվում է ՀՀ Կրթության և գիտության նախարարության գերատեսչական ենթակայության տակ: Ինստիտուտի գործունեության նպատակն է իր մասնագիտացմանը համապատասխան` գիտական, գիտատեխնիկական հետազոտություններ, գիտակրթական, խմբագրական, հրատարակչական աշխատանքներ կազմակերպելն ու իրականացնելը, գիտական կադրերի պատրաստումը, հանրապետական և միջազգային գիտական կազմակերպությունների հետ համագործակցությունը և համատեղ գիտական ծրագրերի իրականացումը: Պատմության ինստիտուտի կազմավորումը անցել է բարդ և դժվարին ուղի: Նախ 1925 թ. հիմնադրվեց Հայաստանի գիտության և արվեստի ինստիտուտը, որը 1930-ին վերանվանվեց Գիտությունների ինստիտուտի: Այն իր շուրջն էր համախմբում պատմության, հնագիտության, արվեստագիտության և հումանիտար այլ բնագավառների հետազոտողներին: 1932 թ. ստեղծվեց Կուլտուրայի պատմության ինստիտուտը: Այս ինստիտուտի հիման վրա 1935-ին կազմավորվեց ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղը (Արմֆան), որի կազմի մեջ մտավ նաև Պատմության և Գրականության ինստիտուտը: 1943 թ. նոյեմբերին ՀԽՍՀ ժողկոմխորհի հրամանագրով ԽՍՀՄ ԳԱ Հայկական մասնաճյուղի հիման վրա ստեղծվում է Հայաստանի Գիտությունների Ակադեմիան: Ակադեմիայի կազմում պատմության ինստիտուտը դառնում է առանձին հաստատություն: Պատմության ինստիտուտի հիմնադրումը Գիտությունների ակադեմիայի կազմում նոր թափ հաղորդեց հայ պատմագրության զարգացմանը: Ինստիտուտը դարձավ մասնագետ պատմաբանների պատրաստման կարևոր կենտրոն, որն առանձնանում էր հետազոտությունների լայն շրջանակներով, գիտահետազոտական հիմքով և նոր մոտեցումներով: Պատմության ինստիտուտը նպատակաուղղված զբաղվում է հայ ժողովրդի և Հայոց պատմության բոլոր ժամանակաշրջանների ուսումնասիրությամբ: Ներկայումս պատմության ինստիտուտի աշխատակիցները 121-ն են, որոնցից 57-ը` կանայք են, գիտաշխատողները` 88 են, որոնցից 36-ը կին: Ինստիտուտը ունի հզոր գիտական ներուժ` 2 ակադեմիկոս, 2 թղթակից անդամ գիտությունների 21 դոկտոր և գիտությունների 47 թեկնածու: Պատմության ինստիտուտի առաջին տնօրենն էր Հայաստանի գիտությունների Ակադեմիայի պրեզիդենտ, ակադեմիկոս Հովսեփ Օրբելին: Օրբելուն փոխարինել են Ա. Հովհաննիսյանը, Ս. Երեմյանը, Ա. Հարությունյանը (Հարենցը), Գ. Գալոյանը և Հ. Ավետիսյանը: 2002 թ. մինչ օրս ինստիտուտը ղեկավարում է պ.գ.դ, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ Ա.Ա. Մելքոնյանը:
Նորություններ և հայտարարություններ
2012 թ. հունիսի 12-ին ժամը 14.00-ին, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում գործող ՀՀ ԲՈՀ-ի 004 մասնագիտական խորհրդում (հասցեն` 0019, ք. Երևան, Մարշալ Բաղրամյան 24/4, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճ) տեղի կունենա ՎԻՐԱԲՅԱՆ ԱՐՄԵՆԻ, “ԶԱՔԱՐԻԱ ՔԱՆԱՔԵՌՑՈՒ ԿՅԱՆՔԸ ԵՎ ՊԱՏՄԱԳՐԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ” թեկնածուական ատենախոսության հրապարակային պաշտպանությունը: Բեռնել սեղմագիրը
2012 թ. հունիսի 15-ին ժամը 14.00-ին, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում գործող ՀՀ ԲՈՀ-ի 004 մասնագիտական խորհրդում (հասցեն` 0019, ք. Երևան, Մարշալ Բաղրամյան 24/4, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճ) տեղի կունենա ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱՐԱՄԻ, ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 1920-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ, թեկնածուական ատենախոսության հրապարակային պաշտպանությունը: Բեռնել սեղմագիրը
Հրատարակվել է «Հայոց պատմություն» ակադեմիական բազմահատորյակի երրորդ հատորի առաջին գիրքը, որն ընդգրկում է նոր պատմության` XVII դ. երկրորդ կեսից մինչև XIX դ. վերջն ընկած շրջափուլը: Այն ներառում է XVII-XIX դդ. հայ ազատագրական շարժումների ու ծրագրերի, Արևելյան Հայաստանի` Ռուսաստանին միացման, Հայկական հարցի միջազգայնացման, ազատագրական խմբակների ու կուսակցությունների առաջացման, 1890-ական թթ. հայկական կոտորածների, ինքնապաշտպանական մարտերի, տվյալ ժամանակահատվածի սոցիալ-տնտեսական ու մշակութային պատմության հիմնահարցերը: Հատորը շարադրված է հարուստ արխիվային նյութի, հրատարակված փաստաթղթերի և առկա գիտական գրականության համակողմանի օգտագործմամբ:
Հրատարակվել է «Հայոց պատմություն» ակադեմիական բազմահատորյակի չորրորդ հատորի առաջին գիրքը, որն ընդգրկում է 1918-1945 թթ.: Այն շարադրված է արխիվային նորահայտ նյութերի, հրատարակված փաստաթղթերի ժողովածուների և առկա գիտական գրականության համակողմանի օգտագործմամբ:
Հայոց պատմություն, հ. III. Նոր ժամանակաշրջան (XVII դ. երկրորդ կես - XIX դ. վերջ), գիրք առաջին (XVII դ. երկրորդ կես - 1918 թ.), Երևան, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, "Զանգակ-97" հրատարակչություն, 2010, 704 էջ + 24 ներդիր:
Հայոց պատմություն, հ. IV. Նորագույն ժամանակաշրջան, գիրք առաջին (1918-1945 թթ.), Երևան, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, "Զանգակ-97" հրատարակչություն, 2010, 800 էջ + 24 ներդիր:
Գրքերի միասնական արժեքն է 13500 դրամ (համապատասխանաբար` յուրաքանչյուր հատորի համար 6700 և 6800 դրամ): Գրքերը ձեռք բերելու համար անհրաժեշտ է վճարում կատարել ՀայԷկոնոմԲանկի ցանկացած մասնաճյուղում հետևյալ հաշվահամարին (163007030535), ապա ստացած կտրոնով ներկայանալ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ և ստանալ գրքերը:
2012 թ. մայիսի 4-ին ժամը 14.00-ին, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում գործող ՀՀ ԲՈՀ-ի 004 մասնագիտական խորհրդում (հասցեն` 0019, ք. Երևան, Մարշալ Բաղրամյան 24/4, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճ) տեղի կունենա Վ. ՄԵԼԻՔՅԱՆԻ, ՀԱՅ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ (1917 Թ. ՆՈՅԵՄԲԵՐ-1918 Թ. ՄԱՐՏ), դոկտորական ատենախոսության հրապարակային պաշտպանությունը: Բեռնել սեղմագիրը