ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑԻՆ

2017 թ. սեպտեմբերի 22–28-ը Մոսկվայում տեղի ունեցավ երիտասարդ պատմաբանների հերթական միջազգային դպրոցը՝ «XX դարի պատմության բարդ հիմնահարցերը» թեմայով, որը կազմակերպվել էր Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային պատմության ինստիտուտի (ՌԳԱ ՀՊԻ) և Հումանիտար գիտությունների պետական ակադեմիական համալսարանի կողմից (ՀԳՊԱՀ)` ՌԴ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ:

Այս տարի դպրոցի մասնակիցները ընտրվել էին մրցութային կարգով: 36 երիտասարդ գիտնականների թվում դպրոցի աշխատանքներին մասնակցեցին մեր ինստիտուտի աշխատակիցներ Նինետա Ադամյանը և Ջեննի Թամարյանը:

 

Երիտասարդ պատմաբանների դպրոցի բացմանը ելույթ ունեցան ՌԳԱ ՀՊԻ գիտական ղեկավար, ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանը և ՀԳՊԱՀ ռեկտոր Դենիս Ֆոմին-Նիլովը:

Ծրագրի շրջանակներում երիտասարդ գիտնականներն ունկնդրեցին ռուս և օտարազգի հայտնի մասնագետների դասախոսությունները, մասնակցեցին սեմինարներին և կլոր սեղան-քննարկումներին, ինչպես նաև հանդես եկան ինքնուրույն ծրագրերով՝ XX դարի պատմության բարդ հիմնահարցերի վերաբերյալ:

Դպրոցում դասախոսեցին ՌԳԱ ՀՊԻ ակադեմիկոս Ա. Չուբարյանը, առաջատար գիտնականներ Ալեքսանդր Շուբինը, Հարություն Ուլունյանը, “Der Spiegel” գերմանական ամսագրի խմբագիր Ուվե Կլուսմանը  և այլք:

Գիտագործնական աշխատանքների շրջանակներում երիտասարդ պատմաբանները մասնակցեցին երկու միջազգային կոնֆերանսի՝ «Россия в мире. Зарубежная русистика: современные тенденции» և «Русская революция 1917 г. факты, осмысление, репрезентации», որտեղ զեկույցներ ներկայացրեցին ավելի քան 12 երկրների բանախոսներ:

Դպրոցն ուղեկցվեց նաև մշակութային միջոցառումներով,  թանգարանային այցելություններով (Военно-патриотический парк культуры и отдыха Вооруженных Сил Российской Федерации «Патриот», Национальный исследовательский центр «Курчатовский институт», Московская государственная консерватория им. П.И.Чайковского) և այլն:

Միջազգային դպրոցի ավարտին մասնակիցները պարգևատրվեցին  հավաստագրերով: