Միջազգային գիտաժողով. «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան»

Արցախի երիտասարդ գիտնականների ու մասնագետների միավորում» ՀԿ-ի նախաձեռնությամբ սեպտեմբերի 13-15-ը Ստեփանակերտում կազմակերպվեց «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» միջազգային 4-րդ երիտասարդական գիտաժողովը, որը նվիրված էր Երևանի պետական համալսարանի հիմնադրման 100-ամյակին և նպատակ ուներ քննարկելու հայոց պետականության` մասնավորապես վերջին հարյուրամյակի հիմնախնդիրները, ձեռքբերումները, հեռանկարային զարգացման գերակայությունները, բացահայտելու երիտասարդ հետազոտողների գիտական ներուժը և երիտասարդացնելու գիտությունը: Գիտաժողովի համակազմակերպիչներն էին ԵՊՀ-ն ու Արցախի Մեսրոպ Մաշտոց համալսարանը:

Գիտաժողովը հայ և օտարերկրացի անվանի գիտնականների, երիտասարդ հետազոտողների մասնակցությամբ արդեն չորրորդ անգամ է կազմակերպվում Արցախում և հանդիսանում է ԱԵԳՄՄ-ի գլխավոր միջոցառումը:   

Բացման արարողությանը մասնակցում էին ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբելյանը, ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիոսյանը, պաշտոնատար այլ անձինք, որոնք հանդես եկան ելույթներով և ուղերձներով:

Գիտաժողովին առկա և հեռակա ձևաչափով մասնակցում էին 100-ից ավելի գիտնականներ և մասնագետներ Հայաստանի և Արցախի Հանրապետություններից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Ուկրաինաից, Հարավային Օսեթիայից և այլ երկրներից:

Լիագումար նիստից հետո գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին չորս բաժանմուքներում` Իրավագիտություն, Քաղաքագիտություն, Պատմություն, Տնտեսա­գի­տություն,  Արվեստագիտություն, գրականագիտություն, լրագրություն և մանկավարժություն:  

Գիտաժողովի աշխատանքներին իր մասնակցությունը բերեց նաև ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի <<Հայ գաղթօջախների և Սփյուռքի պատմության>>  բաժնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Գևորգ Ստեփանյանը` որպես պատմության բաժանմունքի նախագահ, որ հանդես եկավ «Ռոստոմ Զորյանի դերը Բաքվի 1918 թ. հերոսամարտի կազմակերպման և նորանկախ Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման գործում» զեկուցումով:

Գիտաժողովի աշխատանքներն ամփոփվեցին փակման նիստով, որի ընթացքում մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր: