«Ինձ համար մեծ պատիվ է գտնվել այստեղ՝ մեր ուսուցիչների մոտ» Ս. Օհանյան

Մարտի 1-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում կայացավ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը ՀՀ ԳԱԱ նախագահության անդամների, ինստիտուտների տնօրենների եւ գիտնականների հետ:

Քննարկվեցին ԳԱԱ-ի եւ ՀՀ պաշտպանության նախարարության միջեւ հետագա փոխհամագործակցության հարցերը: Փոխհամագործակցությունը ներառում է 2 հիմնական ուղղություն: Առաջինը հայ գիտնականների հանդիպումներն ու դասախոսություններն են զորամասերում, որոնք բարձրացնում են հայ զինվորի գիտելիքները եւ հայրենասիրական ոգին, երկրորդը՝ ԳԱԱ-ի ինստիտուտների մշակումները հանրապետության պաշտպանունակության բարձրացման գործում: 


«Մենք ունենք կառույցներ, որոնք գիտեն, թե ինչ կարիքներ ունի մեր բանակը, ինչ ուղղություններով են կատարվում գիտական հետազոտությունները: Մեր աշխատողների որոշ մասը պարբերաբար հանդիպումներ է ունենում տարբեր զորամասերի կառույցների հետ»,-ասաց ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը՝ կարեւորելով Պաշտպանության նախարարության հետ համագործակցությունը: ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի խոսքով, երբ բանակը ճանաչում ես ներսից, որեւէ վայրախոսություն այլեւս չի լինում: «Երբ որպես պատմաբաններ փորձում ենք 25 տարվա պատմությունը վերլուծել, սկսում ենք մտորել, թե ինչպես դա տեղի ունեցավ մեր աչքի առաջ, հպարտություն ենք ապրում, որ Հայոց պետականության ողնաշարը կազմող հայոց բանակի տարեգիրն ու ականատեսն ենք»,-հավելեց Պատմության ինստիտուտի տնօրենը: 
Նրա կարծիքով, բանակին կից մի կառույց պետք է ստեղծել, որը հարկ է, որ զբաղվի պետականությունը կրողներով ու առողջ գաղափարներ ունեցող երիտասարդներով, որպեսզի այդ տեսակը չկորի: Միջոցառման ժամանակ Սեյրան Օհանյանին փոխանցվեցին  «Հայոց պատմություն» հրատարակության մյուս հատորները: Գիտությունների թեկնածու պաշտպանության նախարարն ասաց, որ իր համար մեծ պատիվ է լինել գիտությունների ակադեմիայում, իր ուսուցիչների հարկի ներքո: Նա հայտնեց, որ այս հանդիպումը ՀՀ պաշտպանական քաղաքականության իրականացման շրջանակներում է, իսկ ՀՀ պաշտպանական քաղաքականությունը, նրա խոսքով, իր մեջ ներառում է ոչ միայն պաշտպանական կառույցը, այլեւ ՀՀ գործունեության բոլոր ոլորտները, որոնք համապատասխան ներդրում ունեն մեր երկրի անվտանգության ձեւավորման համար: Նա փաստեց, որ յուրաքանչյուր ընտանիք իր դեսպանն ունի բանակում: 

 

Նյութի մանրամասները կարդացեք aravot.am-ի կայքում հետևյալ հղմամբ: http://www.aravot.am/2016/03/01/662825/