ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը մասնակցեց Ռուսաստանի պատմագիտական ընկերության հիմնադրման 150-ամյակի հոբելյանական միջոցառումներին
Ս.թ. հունիսի 2-ին Մոսկվայում նշվեց Ռուսաստանի պատմագիտական ընկերության հիմնադրման 150-ամյակը։ Հանդիսավոր նիստը, որը տեղի ունեցավ Կարմիր հրապարակի վրա տեղակայված Ռուսաստանի պետական թանգարանի ոսկե սրահում, վարեց ընկերության նախագահ, ՌԴ պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը։ Հրավիրված էին աշխարհի տասնյակ երկրների ճանաչված գիտնականներ։ ԱՊՀ երկրներից ներկա էին Բելոռուսի գիտությունների ակադեմիայի հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար Ալեքսանդր Կովալենյան և ՀՀ ԳԱԱ պատմության իստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը։
Ողջույնի խոսքում ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը նշեց, որ 19-րդ դարում բազմաթիվ հայ պատմաբաններ՝ Ալեքսանդր Երիցյանը, Կարապետ Եզյանը, Քերովբե Պատկանյանը և ուրիշներ սերտորեն համագործակցել են այդ ընկերության հետ, նրա օժանդակությամբ հրատարակել հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող նյութեր։ Մելքոնյանը շնորհակալություն հայտնեց իրեն այդ ընկերության Հայաստանի մասնաճյուղի ղեկավար հաստատելու համար և պատրաստակամություն հայտնեց սերտորեն համագործակցելու ընկերության հետ։ Ս.Նարիշկինը հատուկ մատնանշեց հայ և ռուս պատմաբանների սերտ համագործակցության մասին, մասնավորապես հիշեցրեց Հայոց մեծ եղեռնի միջազգային ճանաչման հարցում հայ պատմասաններին աջակցելու անհրաժեշտությունը և այդ խնդրում ՌԴ սկզբունքային դիրքորոշումը։
Ներկաները կարևորեցին այդ օրը Գերմանիայի բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունման փաստը։ Գերմանացի գիտնական, ցեղասպանագետ Յուրգեն Զարուցկին (Մյունխեն), ով նոյեմբերին Երևանում կմասնակցի ՀՀ ԳԱԱ և ԵՊՀ կողմից կազմակերպվող Հայոց ցեղասպանությունը և հատուցման խնդիրը միջազգային գիտաժողովին, մեծ գոհունակությամբ մատնանշեց փաստորեն միաձայն ընդունված այդ բանաձևի գիտաքաղաքական նշանակությունը։
Կեսօրին նիստը շարունակվեց ընկերության նորակառույց շենքում։ Երեկոյան նիստը նախագահեց ընկերության փոխնախագահ, ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանը։ Իր ելույթում Ա. Մելքոնյանը կարևորեց ինչպես Ռուսաստանի պատմաբանների ընկերության ու ԱՊՀ երկրների պատմության ինստիտուտների ընկերակցության, այնպես էլ պատմագիտական այլ հաստատությունների կողմից պատմության կեղծարարության դեմ պայքարի անհրաժեշտությունը և այդ կապակցությամբ հիշեցրեց վերջին տասնամյակներին ադրբեջանական պատմագրության կողմից Հայաստանի, Իրանի և այլ երկրների պատմության խեղաթյուրման աղաղակող փաստեր։