Դեկտեմբերի 16-ին, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի դահլիճում կայացավ Արծրուն Հովհաննիսյանի նոր՝ «Ռազմարվեստ. օդային գերակայություն» գրքի շնորհանդեսը, որին ներկա էին պատմության ինստիտուտի աշխատակիցները, ուսանողները, ՀՀ ՊՆ ռազմաավիացիոն և Վազգեն Սարգսյանի անվ. ռազմական համալսարանների ներկայացուցիչներն ու այլոք:
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը բացման խոսքում հիշեցրեց, որ հենց այս ինստիտուտում է սկսվել գրքի հեղինակի գիտական ուղին և իր ուրախությունը հայտնեց այն առթիվ, որ այդ ժամանակից ի վեր Արծրուն Հովհաննիսյանի հեղինակած բազմաթիվ գրքեր են դրվել իրենց սեղանին: Խոսելով «Ռազմարվեստ. օդային գերակայություն» գրքի վերջերս լույս տեսած առաջին հատորի մասին՝ պարոն Մելքոնյանը փաստեց, որ հեղինակը հսկայածավալ աշխատանք է կատարել հատկապես ռազարվեստի պատմության ընթացքում օդուժի տեսակների, դրանց կիրառման վերաբերյալ համաշխարհային փորձի ուսումնասիրության, գերակա դերի կարևորման տեսանկյունից: Բանախոսը նշեց նաև, որ այս գրքում զգալի մի հատված վերնագրված է «Դասեր մեզ համար» և նվիրված է համաշխարհային փորձի՝ մեր իրականության համար կարևոր փաստերին: Գրքում զուգահեռներ են անցկացվում Արցախյան պատերազմի հետ՝ հատկապես կարևորելով 1992 թվականի վերջերին ՀՀ ԶՈւ հակաօդային ուժերի կազմակերպումը, որը շրջադարձային եղավ՝ Ադրբեջանի օդային գերակայությունը չեզոքացնելու համար: Ըստ բանախոսի՝ գրքում առկա են նաև որոշ կանխատեսումներ՝ ապրիլյան պատերազմի ընթացքի և խնդրահարույց մի քանի հարցերի շուրջ, որոնք մեկ անգամ ևս ապացուցում են գրքի արժեքավոր լինելը:
ԵՊՀ գիտական խորհրդի քարտուղար Մենուա Սողոմոնյանն էլ իր ելույթում առանձնացրեց աշխատության մեջ առկա կարևոր գիտատեսական նորամուծությունները: «Սա ծավալուն մի աշխատանք է, որում ներակայացված է 1000-ից ավելի անուն գրականություն, քննարկված է երկու տասնյակից ավելի պատերազմ, վերլուծված են բազմաթիվ ռազմավարություններ ու մարտավարություններ, համեմատված են նույնչափ զինատեսակներ ու զորատեսակներ: Ներկայացված ու գնահատված են մի քանի տասնյակ անուն թռչող սարքեր, դրանց ռազմավարական ու տեխնիկական չափորոշիչները: Վերլուծված ու համադրված են զինված բախումների քաղաքական, տնտեսական և այլևայլ պայմաններ ու գործոններ»: Բանախոսի խոսքերով՝ «նման աշխատանքը կատարելը կարելի է անվարան անվանել «գործով հայրենասիրություն», քանի որ դրա նպատակը մեկն է՝ աջակցելը մեր հայրենիքի ռազմական անվտանգության քաղաքականութան մշակմանն ու կենսագործմանը: Քննարկելով համաշխարհային փորձը՝ Արծրուն Հովհաննիսյանը կարևոր դիտարկումներ է անում և առաջարկություններ ներկայացնում ՀՀ ԶՈՒ օդային ուժերի կազմակերպման, դրանց զարգացման ուղղությունների մատնանշման, ոլորտի ընդհանուր բարեփոխումների համար, որը և, ըստ իս, այս աշխատության կարևորագույն գործնական նշանակություն ունեցող հատվածն է»,- եզրափակեց բանախոսը:
Աշխատության վերաբերյալ իր տեսակետը բարձրաձայնեց նաև ՀՀ ԶՈՒ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվ. ռազմական համալսարանի ավագ դասախոս, տեխնիկական գիտությունների թեկնածու, մայոր Արամ Բաղիյանը: Ըստ նրա՝ գրքի առանձնահատկությունը այն է, որ շատ լուրջ և մեծածավալ ուսումնասիրություն է արված ռազմաավիացիոն տեխնիկայի զարգացման միտումների տեսանկյունից: Նա նշեց, որ այս ամենը հաշվի առնելը և հնարավորության սահմաններում մեր ԶՈՒ-ում զարգացնելը կարևոր հնարավորություն կստեղծի հնարավոր ռազմական գործողությունների դեպքում հատկապես կանխարգելիչ գործողություններ ծավալելու տեսանկյունից:
Ելույթով հանդես եկավ նաև Արծրուն Հովհաննիսյանը, որն իր խոսքում մասնավորապես նշեց. «Ձեզ ներկայացվող այս հատորի վրա աշխատել եմ 15 տարի շարունակ: Մի մտավախություն ունեմ գրքի հետ կապված, որ այստեղ արծարծված հայացքները, գաղափարաները տպավորություն չթողնեն, թե պետք է բացարձակացնել ավիացիայի դերը, ինչպես մի նոր, հզոր զենքի ստեղծման դեպքում, երբ հայտարարվում է, որ մարդն արդեն կարևոր չի: Ոչ, այդպես չէ: Այո, ավիացիան շատ կարևոր ուժ է, բայց մարդու ոգին, զինվորականի մասնագիտական հմտությունը և շարքային զինվորն է վերջնական հաղթանակը կրողը: Տեխնիկայի հետևից գնալ պետք չի, այն պետք է խելքով գործածել, իսկ գործածողը հենց մարդն է, և ապրիլյան պատերազմը սա ապացուցեց»: Արծրուն Հովհաննիսյանն իր խոսքի վերջում նշեց նաև, որ արդեն իսկ սկսել է աշխատել գրքի երկրորդ հատորի վրա, որը կվերնագրվի «Ցամաքային ճեղքում» և լույս կտեսնի ոչ շուտ, քան երեքից չորս տարի հետո:
Միջոցառման ժամանակ Պատմության ինստիտուտի կողմից շնորհակալագրերի և դրամական պարգևների արժանացան 2016 թ. Ապրիլյան պատերազմի մասնակիցներ, ՀՀ ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնի մագիստրանտ Ժորիկ Աֆրիկյանը, տնտեսագիտական համալսարանի ուսանող Տիգրան Խասխազյանը և Արցախյան պատերազմի մասնակից ու տարեգիր, պահեստի սպա Մարտին Բաղդասարյանը: