ՀՀ ԳԱԱ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՄԱՍԻՆ

 Հարգելի բարեկամ, 
 ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի համացանցային կայքը հնարավորություն է ընձեռում աշխարհին նորագույն հաղորդակցման և տեղեկատվության փոխանակման միջոցներով ծանոթանալ Հայոց լեռնաշխարհի, Հայ ժողովրդի կազմավորման, պետականության պատմության, Հայկական հարցի ու Հայոց ցեղասպանության, Հայկական սփյուռքի, Արցախի, ազգային ազատագրական պայքարի և Հայոց պատմությանն առնչվող տարրաբնույթ այլ խնդիրներին: 
 Կայքի հիմնական խնդիրներից է նաև պատմական ճշմարտության բոլոր խեղաթյուրումներին և աղավաղումներին գիտական մակարդակով հակադարձելը:

A. Melkonyan

ՀՀ ԳԱԱ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՏՆՕՐԵՆ,Պ.Գ.Դ, ՊՐՈՖԵՍՈՐ, ՀՀ ԳԱԱ ԱԿԱԴԵՄԻԿՈՍ   ԱՇՈՏ ՄԵԼՔՈՆՅԱՆ

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտը պետական ոչ-առևտրային կազմակերպություն է, որը գտնվում է ՀՀ Կրթության և գիտության նախարարության գերատեսչական ենթակայության տակ: Ինստիտուտի գործունեության նպատակն է իր մասնագիտացմանը համապատասխան` գիտական, գիտատեխնիկական հետազոտություններ, գիտակրթական, խմբագրական, հրատարակչական աշխատանքներ կազմակերպելն ու իրականացնելը, գիտական կադրերի պատրաստումը, հանրապետական և միջազգային գիտական կազմակերպությունների հետ համագործակցությունը և համատեղ գիտական ծրագրերի իրականացումը:  

 Պատմության ինստիտուտի կազմավորումն անցել է բարդ և դժվարին ուղի: 1925 թ. հիմնադրվել է Հայաստանի գիտության և արվեստի ինստիտուտը, որը 1930-ին վերանվանվել է Գիտությունների ինստիտուտի: Այն իր շուրջն է համախմբել պատմության, հնագիտության, արվեստագիտության և հումանիտար այլ բնագավառների հետազոտողներին:

  1932 թ. ստեղծվել է Կուլտուրայի պատմության ինստիտուտը: Այս ինստիտուտի հիման վրա 1935-ին կազմավորվել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղը (Արմֆան), որի կազմի մեջ մտել են նաև Պատմության և Գրականության ինստիտուտը: 1943 թ. նոյեմբերին ՀԽՍՀ ժողկոմխորհի հրամանագրով ԽՍՀՄ ԳԱ Հայկական մասնաճյուղի հիման վրա ստեղծվել է Հայաստանի Գիտությունների Ակադեմիան: Ակադեմիայի կազմում պատմության ինստիտուտը դարձել է առանձին հաստատություն: Պատմության ինստիտուտի հիմնադրումը նոր թափ է հաղորդել հայ պատմագրության զարգացմանը: Ինստիտուտը դարձել է մասնագետ պատմաբանների պատրաստման կարևոր կենտրոն: Այն առանձնանում է հետազոտությունների լայն շրջանակով: Պատմության ինստիտուտը նպատակաուղղված զբաղվում է հայ ժողովրդի և Հայոց պատմության բոլոր ժամանակաշրջանների ուսումնասիրությամբ:

 Ներկայումս պատմության ինստիտուտի աշխատակիցները 119-ն են, որոնցից 57-ը` կանայք են, գիտաշխատողները` 88 են, որոնցից 36-ը կին: Ինստիտուտն ունի հզոր գիտական ներուժ` 2 ակադեմիկոս, 1 թղթակից անդամ, գիտությունների 21 դոկտոր և գիտությունների 47 թեկնածու:

 Պատմության ինստիտուտի առաջին տնօրենն էր Հայաստանի գիտությունների Ակադեմիայի պրեզիդենտ, ակադեմիկոս Հովսեփ Օրբելին: Օրբելուն փոխարինել են Ա. Հովհաննիսյանը, Ս. Երեմյանը, Ա. Հարությունյանը (Հարենցը), Գ. Գալոյանը և Հ. Ավետիսյանը: 2002 թ. մինչ օրս ինստիտուտը ղեկավարում է պ.գ.դ, պրոֆեսոր, ԳԱԱ ակադեմիկոս Ա. Մելքոնյանը: