Պատմության ինստիտուտի Երիտասարդ գիտաշխատողների խորհուրդը ինստիտուտի մինչև 35 տարեկան աշխատակիցներին և ասպիրանտներին միավորող կառույց է: Խորհուրդը հիմնականում զբաղվում է ինստիտուտի երիտասարդ աշխատակիցների, ասպիրանտների և հայցորդների գիտական աշխատանքների համակարգմամբ, նրանց մասնակցությամբ երիտասարդական գիտաժողովների կազմակերպման, գիտական աշխատանքների հրատարակման, գիտագործնական սեմինարներ, դասախոսություններ կազմակերպելու աշխատանքներով։
Պատմության ինստիտուտը հիմնադրվել է Հայկական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի ստեղծման ժամանակ` 1943 թ. նոյեմբերին: 1962 թ. սկսած ինստիտուտը կազմակերպում է երիտասարդ գիտաշխատողների գիտական նստաշրջաններ: Մինչ այժմ կազմակերպվել է այդպիսի 44 գիտաժողով: Նստաշրջաններում ինստիտուտի երիտասարդ գիտաշխատողները, ասպիրանտներն ու հայցորդներն իրենց զեկուցումներով կարծես հաշվետվություն են ներկայացնում նախորդ տարում կատարած աշխատանքների մասին, խորհուրդներ ստանում ավագ գիտնականներից: Նստաշրջանի ընթացքում յուրաքանչյուրը տեղեկանում է նաև իր երիտասարդ գործընկերների գիտական պրպտումների արդյունքների մասին:
1970 թ. սկսած հրատարակվել են ինստիտուտի երիտասարդական նստաշրջանների զեկուցումների հիմնադրույթները (թեզիս), իսկ 1997 թ. նստաշրջանների լավագույն զեկուցումները հրատարակվում են ինստիտուտի «Հայոց պատմության հարցեր» պարբերականում:
Երիտասարդական նստաշրջանների կազմակերպման, երիտասարդների գիտական և ժամանցային կյանքի անցկացման տեսակետից կարևոր նշանակություն ունեցավ 1979 թ. ինստիտուտի Երիտասարդ գիտաշխատողների խորհրդի (ԵԳԽ) ստեղծումը: Խորհրդի առաջին նախագահը պ.գ.թ. Վաչե Հովակիմյանն էր (1979–1980): Երիտասարդ գիտաշխատողների խորհրդի նախագահներ են հանդիսացել` Աղավնի Ութուջյանը (1980–1987), պ.գ.թ. Վահան Փափազյանը (1987–1991), պ.գ.թ. Ռուբեն Գասպարյանը (1991–1997), պ.գ.թ. Քնարիկ Ավագյանը (1997–2005), պ.գ.թ. Անահիտ Խոսրոևան (2005–2008), պ.գ.թ. Արտակ Մաղալյանը (2008–2013), պ.գ.թ. Համո Սուքիասյանը (2013–2020), պ.գ.թ. Վահե Սարգսյանը (2020–2026): 2026 թ. ապրիլից խորհրդի նախագահը պ.գ.թ. Գայանե Ղազարյանն է: ԵԳԽ նախագահները 1999 թ. սկսած ինստիտուտի գիտական խորհրդի և տնօրինության անդամներ են:
Երիտասարդ գիտաշխատողների խորհրդի անդամները գիտական աշխատանքների հեղինակներ են, հանրապետական և միջազգային գիտաժողովների մասնակիցներ: 1970-ականներից սկսած սովորաբար երիտասարդ գիտաշխատողների մասնակցությամբ գիտաժողովները տեղի են ունենում Կոտայքի մարզի Աղվերան գյուղում գտնվող ՀՀ ԳԱԱ գիտաժողովների տանը: Գիտաժողովներ են կազմակերպվել նաև Երևան քաղաքում և հանրապետության այլ վայրերում (Վանաձոր, Ծաղկաձոր և այլն)։ 2009–2026 թթ. խորհուրդը կազմակերպել է մեկ տասնյակից ավել երիտասարդական գիտաժողով, որոնց լավագույն զեկուցումները հրատարակվել են:
Երիտասարդ գիտաշխատողների խորհրդի հետ կապ հաստատելու համար կարող եք դիմել խորհրդի նախագահ, պ.գ.թ. Գայանե Ղազարյանին (gayane.ghazaryan.1992@mail.ru):

