Հարգելի՛ այցելու,
Պատմության ինստիտուտի կայքէջը հարուստ է բազմաբնույթ և կարևոր տեղեկատվությամբ։ Այն տեղեկություններ է պարունակում ինստիտուտի աշխատակիցների գիտական և մասնագիտական գործունեության, ինստիտուտում իրականացվող գիտահետազոտական աշխատանքների, կազմակերպվող գիտաժողովների, սեմինարների, գրքերի շնորհանդեսների, ատենախոսությունների պաշտպանությունների և այլ միջոցառումների վերաբերյալ:
Կայքէջի հիմնական նպատակն ինստիտուտում կատարվող աշխատանքների հանրայնացումն է, ինչպես նաև գիտական արդյունքների ներկայացումը մասնագիտական հանրությանը և հասարակությանը:
ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՄԱՍԻՆ
Պատմության ինստիտուտը պետական ոչ առևտրային կազմակերպություն է, որը գտնվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գերատեսչական ենթակայության ներքո: Ինստիտուտի գործունեության նպատակն է իր մասնագիտացմանը համապատասխան` գիտական, գիտատեխնիկական հետազոտություններ, գիտակրթական, խմբագրական, հրատարակչական աշխատանքներ կազմակերպելն ու իրականացնելը, գիտական կադրերի պատրաստումը, հանրապետական և միջազգային գիտական կազմակերպությունների հետ համագործակցությունը և համատեղ գիտական ծրագրերի իրականացումը:
Պատմության ինստիտուտի կազմավորումն անցել է բարդ և դժվարին ուղի: 1925 թ. հիմնադրվել է Հայաստանի գիտության և արվեստի ինստիտուտը, որը 1930 թ. վերանվանվել է Գիտությունների ինստիտուտի: Այն իր շուրջն է համախմբել պատմության, հնագիտության, արվեստագիտության և հումանիտար այլ բնագավառների հետազոտողներին:
1932 թ. ստեղծվել է Կուլտուրայի պատմության ինստիտուտը: Այս ինստիտուտի հիման վրա 1935 թ. կազմավորվել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղը (Արմֆան), որի կազմի մեջ մտել են նաև Պատմության և Գրականության ինստիտուտը: 1943 թ. նոյեմբերին ՀԽՍՀ ժողկոմխորհի հրամանագրով ԽՍՀՄ ԳԱ Հայկական մասնաճյուղի հիման վրա ստեղծվել է Հայկական ԽՍՀ Գիտությունների ակադեմիան: Ակադեմիայի կազմում Պատմության ինստիտուտը դարձել է առանձին հաստատություն: Պատմության ինստիտուտի հիմնադրումը նոր թափ է հաղորդել հայ պատմագրության զարգացմանը: Ինստիտուտը դարձել է մասնագետ պատմաբանների պատրաստման կարևոր կենտրոն: Այն առանձնանում է հետազոտությունների լայն շրջանակով: Ինստիտուտը նպատակաուղղված զբաղվում է հայ ժողովրդի և Հայոց պատմության բոլոր ժամանակաշրջանների ուսումնասիրությամբ:
Ներկայումս պատմության ինստիտուտի աշխատակիցները 98-ն են, որոնցից գիտաշխատողները 75-ն են: Ինստիտուտն ունի հզոր գիտական ներուժ` 1 ակադեմիկոս, 1 թղթակից անդամ, գիտությունների 18 դոկտոր և գիտությունների 49 թեկնածու:
Պատմության ինստիտուտի առաջին տնօրենն էր Հայաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Հովսեփ Օրբելին: Օրբելուն փոխարինել են՝ ակադեմիկոս Աբգար Հովհաննիսյանը, ակադեմիկոս Սուրեն Երեմյանը, պատմական գիտությունների դոկտոր Արամայիս Հարությունյանը (Հարենց), ակադեմիկոս Գալուստ Գալոյանը, ակադեմիկոս Հրանտ Ավետիսյանը, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը: 2026 թ. փետրվարից ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը պ.գ.թ., դոցենտ Համո Սուքիասյանն է:

