Մագիստրատուրա, ասպիրանտուրա և հայցորդության համակարգ

ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱ

Գիտության տարբեր ճյուղերի և կրթության ինտեգրացման նպատակով ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը 2004 թ-ից ծավալել է մագիստրոսական կրթական գործունեություն: Գիտակրթական միջազգային կենտրոնին արտոնվել է իրականացնելու կրթական գործունեություն մագիստրոսական ծրագրով, որը կարող է դառնալ գիտության և բարձրագույն դպրոցի համար կադրերի ընտրության և նախապատրաստման գործնական համակարգ: 
ՀՀ ԳԱԱ համակարգում մագիստրոսական կրթական ծրագրի կազմակերպումը նպատակ է հետապնդում արագացնելու կրթությունից դեպի գիտական գործունեություն անցման գործընթացը: ԳԱԱ համակարգում կենտրոնացած է երկրի գիտական ներուժի մեծ մասը և մագիստրոսների պատրաստումը ակադեմիական միջավայրում թույլ կտա նրանց շատ արագ ինտեգրվել գիտական հասարակայնության մեջ և ձեռք բերել գիտական մտածողություն ավելի արագ, քան դա տեղի է ունենում այսօր: 
Որպես ուսուցման հիմնական ձև, ընտրվել է գիտական մագիստրատուրան: Այստեղ մագիստրանտները ստանալու են հիմնավոր մասնագիտական գիտելիքներ, միաժամանակ հիմնական շեշտը դրվելու է գիտական աշխատանքի վրա, որը կավարտվի մագիստրոսական թեզի պաշտպանությամբ:
ՀՀ ԳԱԱ ԳՄԿ-ում գործում են մոտ երկու տասնյակ մասնագիտությունների գծով բաժիններ:
Մագիստրատուրայում ուսուցումը տարվում է բակալավրիատի բազային կրթության հիմքի վրա և տրվում է մագիստրոսի որակավորում: Դիմորդների ընտրության հարցում չկան սահմանափակումներ, սակայն ընդունելությունը կատարվում է երկաստիճան սկզբունքով` հարցազրույց, այնուհետև քննություն, որի նպատակն է հնարավորինս հաջող ընտրություն կատարել:
ՀՀ ԳԱԱ ԳՄԿ-ում 2005 թ-ից ընդունելություն է իրականացվում "Պատմություն", իսկ 2009 թ.-ից` “Միջազգային հարաբերություններ” մասնագիտությամբ բաժիններում, որոնց գիտակրթական գործունեությունը ուղղորդում է ՀՀ ԳԱԱ ԳՄԿ “Պատմության և միջազգային հարաբերությունների” ամբիոնը: Վերջինս գործում է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում. ամբիոնի վարիչն է ինստիտուտի փոխտնօրեն, պ. գ. դ., պրոֆ. Կարեն Խաչատրյանը: 
Դիմորդների ընդունելությունը կատարվում է “Պատմության և Միջազգային հարաբերությունների” ամբիոնի դասախոսական կազմից և մագիստրատուրայի ուսումնական մասից կազմված ընդհանուր հանձնաժողովի կողմից: Ընդունելության քննության հարցաշարերն ընդգրկում են այնպիսի հարցեր, որոնք հնարավորություն են տալիս հիմնավորապես ստուգելու դիմորդի մասնագիտական գիտելիքները:
Ուսանողների բազային կրթությունը տարբեր է` պատմություն, արևելագիտություն, աստվածաբանություն, միջազգային հարաբերություններ, օտար լեզուներ, քաղաքագիտություն և այլն: Ամբիոնում ընդգրկված են հանրապետության լավագույն գիտնականները` Վ. Բարխուդարյանը, Ս. Կրկյաշարյանը, Ա. Մելքոնյանը, Ն. Սարուխանյանը, Վ. Վարդանյանը, Ստ. Ստեփանյանը, Գ. Խուդինյանը, Վ. Տեր-Ղևոնդյանը և այլք, ովքեր գիտամանկավարժական գործունեության երկար տարիների փորձ են կուտակել:
Ուսումնական գործընթացում առանձնակի տեղ է հատկացվում պատմության, միջազգային հարաբերությունների հիմնահարցերի ուսումնասիրությանը, որպես առանձին հիմնախնդիր ուսումնասիրվում են հայ ազգային ազատագրական շարժումների, հայ հասարակական-քաղաքական մտքի, Հայկական հարցի և Հայոց Ցեղասպանության, արցախյան ազատագրական շարժումների, Հայոց պետականության, ԼՂՀ պատմությունը, պատմական ժողովրդագրությունը: Հատուկ նշանակություն է տրվում Համաշխարհային, միջազգային հարաբերությունների և դիվանագիտության պատմության հիմնահարցերի, ՀՀ միջազգային արդի դրության և արտաքին քաղաքականության, դիվանագիտական և հյուպատոսական ծառայության ու իրավունքի, միջազգային հարաբերությունների ժամանակակից համակարգի, Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման միջազգային իրավական հիմքերի և այլ առարկաների ուսումնասիրությանը: 
Գիտակրթական Միջազգային Կենտրոնը, գտնվելով գիտության օջախում, իր առջև նպատակ է դրել ուսանողներին հասանելի դարձնել գիտական միտքը, սովորեցնել մտածել գիտականորեն: Ահա այս պահանջն է դրվում մագիստրատուրայում ողջ ուսումնառության ընթացքում:
Հատուկ ուշադրության կենտրոնում է գտնվում մագիստրոսական թեզերի թեմատիկայի ընտրության հարցը: Մագիստրոսական թեզերի թեմաները ընտրվում են ուսանողների և ամբիոնի պրոֆեսորա-դասախոսական կազմի համատեղ քննարկումների արդյունքում և հաստատվում ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի գիտական խորհրդում: Ուսանողը պարտավոր է մասնակցել այդ քննարկումներին: Մագիստրատուրան լավագույնս ավարտած երիտասարդ գիտնականները իրենց ուսումը կարող են շարունակել ապսիրանտուրայում` ինչպես առկա, այնպես էլ հեռակա ուսուցմամբ, կամ ձևակերպվել հայցորդ: 
Ուսանողների տրամադրության տակ է ինչպես ՀՀ ԳԱԱ ֆունդամենտալ գրադարանի ողջ գրականությունը, այնպես էլ Պատմության ինստիտուտի մասնագիտական գրադարանը: Հատուկ թույլտվությամբ մագիստրանտները կարող են օգտվել նաև Ազգային արխիվի, ՀՀ նախարարությունների, վարչությունների արխիվային նյութերից: 
"Պատմության" և "Միջազգային հարաբերությունների" բաժինները գտնվում են ՀՀ ԳԱԱ  պատմության ինստիտուտի տնօրինության և տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ակադեմիկոս, պ.գ.դ., պրոֆ. Աշոտ Մելքոնյանի մշտական ուշադրության կենտրոնում: 

ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ

Հայոց պատմություն (աղբյուրագիտություն և պատմագրություն) մասնագիտությամբ ասպիրանտուրայի ընդունելության քննության հարցաշարը: Բեռնել հարցաշարը  

է.00.05 «Պատմագրություն, աղբյուրագիտություն» մասնագիտությամբ որակավորման քննության հարցաշար

է.00.02 «Համաշխարհային պատմություն» առարկայից ասպիրանտական քննության հարցաշար:

 

ՀՀ ԳԱԱ ՊԱՏՄՈւԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈւՏԻ ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻ ԵՎ ՀԱՅՑՈՐԴՆԵՐԻ ՑՈւՑԱԿ


Ընդունելության կարգին ծանոթանալու համար կարող եք այցելել` Մ. Բաղրամյան 24դ, 11-րդ հարկ, Գիտակրթական միջազգային կենտրոն: Հեռ. (+374 10) 524 812