Սույն թվականի սեպտեմբերի 22-ին ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի և ՍԴՀԿ-Ի համատեղ կազմակերպած «ՍԴՀԿ 135-ամյակ-ազատագրական պայքարից՝ անկախ պետականություն» գիտաժողովը։
Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը: «Այսօրվա գիտաժողովը սերտորեն կապված է անկախության գաղափարի հետ: Մեզ համար շատ ուրախալի է, որ 135 տարի առաջ կյանքի կոչված հայ ազգային կուսակցություններից մեկը՝ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը, ժամանակի ամենաընդունված, կարևոր քաղաքական գաղափարներից մեկը՝ անկախության գաղափարը, դարձրել է իր գործունեության հիմնական ուղղությունը: Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը խիստ կարևորել է իր ծրագրային փաստաթղթերում անկախության, ազատության գաղափարները, որի համար իր ամբողջ գործունեությունը հատկապես 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին՝ այդ ճակատագրական ժամանակաշրջանում, նվիրել է այդ գաղափարների կյանքի կոչմանը»,- ասաց Աշոտ Մելքոնյանը:
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտից զեկուցումներով հանդես եկան Աշոտ Մելքոնյանը («Հայաստանի անկախության գաղափարը «Հնչակ» թերթում»), Մկրտիչ Դանիելյանը «Նարոդնկներ-հնչակյաններ գաղափարական առնչություններ»),Գևորգ Խուդինյանը («Իդեալի և իրականության հակաթեզը ՍԴ Հնչակյան և ՀՅ Դաշնակցություն կուսակցությունների 1890-ական թթ. ծրագրային փաստաթղթերում») և Գեղամ Հովհաննիսյանը («Ազգային պետության հիմնահարցը «Երիտասարդ Հայաստան» պարբերականում (1903-1921թթ.)»):