Ամփոփվեց «Հայ ժողովրդի ազգային զարթոնքը և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը» երկօրյա գիտաժողովը

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի նախաձեռնությամբ 2025 թ. ապրիլի 22-23-ը Երևանում տեղի ունեցավ միջազգային գիտաժողով՝ «Հայ ժողովրդի Ազգային զարթոնքը և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը» խորագրով։ Գիտաժողովը նվիրված է Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցի առթիվ 1965 թվականին Խորհրդային Հայաստանում և Սփյուռքում ծավալված համաժողովրդական շարժման՝ ազգային զարթոնքի համակողմանի ուսումնասիրությանը։

Ազգային զարթոնքի ազդեցություն առանցքային դեր ունեցավ ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջի ձևավորման, հայ ինքնության վերարժևորման և պատմական արդարության վերականգնման գործընթացներում։ Գիտաժողովի նպատակն է վերհանել այս պատմական շարժման բարոյահոգեբանական, քաղաքական և հասարակական նշանակությունը, վեր հանել Սփյուռքի և Խորհրդային Հայաստանի ներդրումը ցեղասպանության ճանաչման համահայկական օրակարգում, ինչպես նաև դիտարկել շարժման ազդեցությունը հետագա զարգացումների վրա՝ Լեռնային Ղարաբաղի հարցից մինչև միջազգային հարթակներում արդարության վերականգման փորձեր։

Գիտաժողովի հիմնական թեմատիկ ուղղություններն են՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացի մեկնարկը և դրա փուլային զարգացումները, Սփյուռքի համայնքների, կառույցների և կազմակերպությունների դերակատարումը ճանաչման գործընթացում, Ազգային զարթոնքի դրսևորումներն ու ազդեցությունը Խորհրդային Հայաստանում, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների պաշտպանության քայլերը ԽՍՀՄ պայմաններում։ Գիտաժողովին մասնակցել են ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի առաջատար գիտնականներ և հասարակական գործիչներ։

Գիտաժողովի մասնախմբային նիստերում ներկայացվել են նորագույն գիտական մոտեցումներ և վերլուծություններ, որոնք կնպաստեն ցեղասպանության ճանաչման և հիշողության պահպանման ոլորտում գիտական խոսույթի զարգացմանը։