2016 թ. սեպտեմբերին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի էր ունեցել հաստատության մագիստրանտ և հայցորդ, պատմական գիտությունների թեկնածու, պոլսահայ մտավորական ու մանկավարժ Արմավենի Միրօղլու Մուհթարյանի «Պոլսահայերը 1923-1939 թթ.» գրքի շնորհանդեսը: Նոյեմբերի 3-ին նույն գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ Կ. Պոլսի Եսայան վարժարանի սրահում բազմաթիվ պոլսահայ մտավորականների, հոգևոր-եկեղեցական գործիչների մասնակցությամբ:
Հանդիսությանը մասնակցելու համար Երևանից ժամանել էր ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը տիկնոջ՝ Երևանի պատմության թանգարանի փոխտնօրեն Լուսինե Ամիրջանյանի հետ: Հանդիսության ընթացքում ելույթ ունեցողներն ընդգծեցին Արմավենի Միրօղլու Մուհթարյանի գրքի գիտաճանաչողական նշանակությունը և հեղինակին հորդորեցին շարունակել աշխատանքները պոլսահայության պատմության ուսումնասիրության ուղղությամբ: Ա.Մելքոնյանը տիկին Արմավենուն հանձնեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի պարգևը՝ «Մայրենիի դեսպան» շքանշանը:
Ա.Մելքոնյանն այցելեց պոլսահայ մի շարք հաստատություններ՝ «Մարմարա», «ժամանակ», «Ակոս» թերթերի խմբագրատներ, պատրիարքարան, «Եսայան» և «Հրանտ Դինք» վարժարաններ, եկեղեցիներ, հայրենակցական միություններ, քաղաքի տեսարժան վայրեր: