Կյանքից հեռացավ ականավոր պատմաբան, ՀՀ ԳԱԱ նախագահության խորհրդական, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Բախշիի Բարխուդարյանը: |
Վլադիմիր Բարխուդարյանը ծնվել է 1927 թ. սեպտեմբերի 22-ին Վրաստանի Մառնեուլի շրջանի Աղքյորփի հայկական գյուղում, ծառայողի ընտանիքում: Տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո՝ 1945 թ., նա ընդունվում է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ եւ այն հաջողությամբ ավարտում 1950 թ.: Նույն տարում ընդունվում է ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի ասպիրանտուրան: Ասպիրանտական ուսումնառության տարիներին ակադ. Ս. Տ. Երեմյանի ղեկավարությամբ մասնագիտացել է Հայաստանի միջնադարյան պատմության հարցերում: 1954 թ. հաջողությամբ պաշտպանել է թեկնածուական, 1968 թ.՝ դոկտորական ատենախոսությունները: Վ. Բարխուդարյանը աշխատանքային առաջին մկրտությունը ստացել է Հայաստանի պատմության պետական թանգարանում՝ որպես կրտսեր գիտական աշխատող (1955--1958): 1958 թ. նա աշխատանքի է անցել ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում՝ որպես կրտսեր (1958-1959), այնուհետեւ՝ ավագ (1963-1967), գիտաշխատող, գիտքարտուղար (1959-1963), փոխտնօրեն (1967-1990): 1990 թ. նա աշխատանքի է անցել ՀՀ ԳԱ նախագահությունում՝ որպես ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսքարտուղար (19902000), ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, ակադեմիկոսքարտուղար (2000-2005), ՀՀ ԳԱԱ փոխպրեզիդենտ, հումանիտար գիտությունների բաժանմունքի ակադեմիկոսքարտուղար (2005-2006), ՀՀ ԳԱԱ հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար (2006-2011), ՀՀ ԳԱԱ նախագահության խորհրդական (2011-2017 թ.): Վ. Բարխուդարյանի գիտական գործունեությունն ընթացել է հայկական գաղթավայրերի, պատմագիտության եւ հայռուսական հարաբերությունների հիմնահարցերի մշակման ուղղությամբ: Նա առաջին մասնագետներից էր, որ, գիտակցելով գաղթավայրերի պատմության հետազոտության կարեւորությունը, դարձավ այդ ուղղության համակարգված ու գիտական նորովի ուսումնասիրության սկզբնավորողներից մեկը: «Նոր-Նախիջեւանի հայկական գաղութի պատմություն» (հ.1-2, Երեւան, 1967, 1985) մենագրության մեջ աղբյուրագիտական հարուստ հենքով լուսաբանել է հայկական գաղութի տնտեսական, հասարակականքաղաքական եւ մշակութային պատմությունը: Վ. Բարխուդարյանի ուսումնասիրությունն ակնառու է դարձնում հայկական գաղութի նշանակալի դերը հարավային Ռուսաստանի՝ Նովոռոսիայի գրեթե անմարդաբնակ տափաստանները յուրացնելու, առեւտրատնտեսական կյանքը զարգացնելու գործում: Վ. Բարխուդարյանի՝ պատմության ինստիտուտի «Հայ գաղթօջախների եւ Սփյուռքի պատմության» բաժնի ղեկավարության ներքո՝ ստեղծվեցին հայ գաղթավայրերի պատմությանը նվիրված մի շարք հոդվածների ժողովածուներ. «Հայհունգարական պատմական եւ մշակութային կապերի պատմությունից», «Հայ ազատագրական շարժումները եւ հայկական գաղթավայրերը 16-18-րդ դարերում» (1985), «Էջեր հայ գաղթավայրերի պատմության» (1996): Վ. Բարխուդարյանը լուրջ ներդրում է ունեցել անկախություն ձեռք բերելուց հետո դպրոցներում պատմության դասագրքերի ստեղծման գործում: Հասկանալի պատճառներով անհնար էր դարձել նախկին դասագրքերով հայոց պատմության դասավանդումը: Նրա խմբագրությամբ լույս տեսան հայ ժողովրդի ամբողջական պատմությունն ընդգրկող չորս դասագիրք: Ակադեմիկոս Վ. Բարխուդարյանը երկար տարիներ եղել է ՀՀ ԳԱԱ պատմության, հնագիտության եւ ազգագրության ինստիտուտների, Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի, Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի, Բարձրագույն որակավորման հանձնաժողովի եւ այլ հաստատությունների գիտական խորհուրդների անդամ եւ գործուն մասնակցություն է ունեցել դրանց աշխատանքներին: Վ. Բարխուդարյանը առանձնակի ջերմությամբ ու եռանդով է մասնակցել Հայոց եկեղեցու հոգեւոր ու գիտամշակութային կյանքին: Նա երկար տարիներ եղել է Բարձրագույն հոգեւոր խորհրդի անդամ: Ակտիվ մասնակցություն է ունեցել Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց դպրատան կայացմանը: Ակադեմիկոս Վ. Բարխուդարյանն ավելի քան չորս տասնամյակ՝ որպես Պատմության ինստիտուտի փոխտնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղար, փոխնախագահ, հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քար-տուղար, ծավալել է գիտականկազմակերպական ակտիվ գործունեություն: Որպես վաս-տակի գնահատում նա արժանացել է բազմաթիվ պարգեւների՝ ԽՍՀՄ Պատվո նշան, ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոց, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Ս. Սահակ, Ս. Մեսրոպ շքանշաններ, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ոսկե մեդալ: |