ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի հանդիպումները Բուխարեստում

Հոկտեմբերի 17-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը և Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը Բուխարեստում հանդիպումներ ունեցան Ռումինական Ակադեմիայի Հրվ.-արլ. Եվրոպական ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն դոկտ. Անդրեյ Տիմոտինի, այնուհետև Նիկոլայե Յորգայի անվ. պատմության ինստիտուտի տնօրեն դոկտ. Օվիդիու Կրիստեայի հետ, քննարկելու համար գիտական համագործակցության հարցեր` ՀՀ ԳԱԱ-ի և Ռումինական Ակադեմիայի միջև 2013թ. ստորագրված Համաձայնագրի շրջանակներում: Աշխատանքային քննարկումների ընթացքում ուրվագծվեցին այն թեմաները, որոնք կարող են հետաքրքրություն ներկայացնել համատեղ ուսումնասիրությունների համար, ինչպես նաև համագործակցության ձեւերը: Այդ կապակցությամբ երկուստեք կարևորվեց ռումինահայ հարուստ պատմամշակութային ժառանգությունը, երկու ժողովուրդների պատմական առնչությունները, ինչպես նաեւ գիտական այն արժեքավոր ժառանգությունը, որը թողել են ռումին ականավոր պատմաբան Նիկոլայե Յորգան, նրա մերձավոր գործակից, նշանավոր հայագետ եւ արեւելագետ Հակոբ Սիրունին:

Դոկտ. Անդրեյ Տիմոտինը տեղեկացրեց նաեւ, որ Հրվ.-արլ. Եվրոպական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցությունը (AIESEE) 2019թ. սեպտեմբերի սկզբին Բուխարեստում կազմակերպում է Հրվ.-արլ. Եվրոպական ուսումնասիրությունների 12-րդ միջազգային կոնգրեսը, որի նիստերից մեկը` «Անիից Ռումինիա. Պատմություն, ավանդություն եւ պատկերագրություն» թեմայով, նվիրված է լինելու հայ-ռումինական առնչություններին, և որին բնականաբար ցանկալի կլիներ հայ հետազոտողների մասնակցությունը: 

Իր հերթին Նիկոլայե Յորգայի անվ. պատմության ինստիտուտի տնօրեն դոկտ. Օվիդիու Կրիստեան գիտական համագործակցության օրինակ դիտարկեց ինստիտուտի աշխատակից պատմաբան Վիորել Ակիմի/Viorel Achim/ ակտիվ մասնակցությունը, որպես ռումինական կողմի համակարգող, 2013թ. Բուխարեստում կազմակերպված Ռումինահայ մշակութային ժառանգությանը նվիրված միջազգային գիտաժողովին, որի նյութերի ժողովածուն համատեղ ջանքերով պատրաստվում է հրատարակության: 

Հանդիպումների ժամանակ նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց հաջորդ տարվա ընթացքում փոխայցելությունների եւ կնքվելիք համաձայնագրերի շուրջ: Հանդիպումներին ռումինական կողմից մասնակցում էին նաև հայագիտությամբ հետաքրքրված հետազոտողներ, որոնց մեջ ակադ. Անդրեյ Պիպիդին, հայկական կողմից` ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող Արմենուհի Ղամբարյանը: 

Մինչ այդ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը եւ Արմենուհի Ղամբարյանը մասնակցել էին հոկտեմբերի 13-14-ին Բուխարեստում կայացած «Հայոց ցեղասպանությունը. Պատմություն, հիշողություն, պատասխանատվություն» վերտառությամբ միջազգային գիտական կոնֆերանսին՝ զեկուցումներ կարդալով «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը հատուցման հիմնախնդրի համատեքստում» և «Հայոց ցեղասպանության մասին դատողությունները ԱՄՆ կոնգրեսականների ելույթներում և հայտարարություններում 1918-1919 թթ» թեմաներով։

Գիտաժողովին մասնկացում էին 7 երկրների 16 ներկայացուցիչներ, որոնց թվում էին Սորին Անտոխինը (Բուխարեստ), Յահիր Աուրոնը (Իսրայել), Հալիլ Բերկթայը (Ստամբուլ), Ջերարդ Դեդեյանը (Մոնտպելյե), Պետրոս Խորասանգյանը (Բուխարեստ), Ռոլֆ Հոսֆելդը (Պոտսդամ), Կարոլ Յանկուն (Մոնտպելյե), Ռայմոնդ Գևորգյանը (Փարիզ), Կատալին Մամալին (ԱՄՆ), Սուրեն Մանուկյանը (Երևան), Հակոբ Մաթևոսյանը (Լայպցիգ), Վարուժան Ոսկանյանը (Բուխարեստ), Ֆելիսյա Վոլդմանը (Բուխարեստ):