Լրացավ անվանի գիտնական, հին և միջնադարյան Հայաստանի պատմության հետազոտող, հայ դասական քարտեզագրության հիմնադիր ակադեմիկոս Սուրեն Երեմյանի ծննդյան 110-ամյակը։ Այդ առիթով ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ։
Ծավալուն բանախոսությամբ հանդես եկավ պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, որը հանրագումարի բերեց գիտնականի ստեղծած գործերն ու իմաստավորեց նրա գիտական արժանիքները։ Սուրեն Երեմյանի կյանքի և գիտական գործունեության վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ ԳԱԱ պատմության ինստիտուտի հին դարերի պատմության բաժնի վարիչ Հայկ Հակոբյանը։ Ս․ Երեմյանի գիտական և մարդկային նկարագրի և դիմագծի շուրջ իրենց նկատառումներն ու դիտարկումները արտահայտեցին պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Գոհար Վարդումյանը, պատմագիտության դոկտոր Երվանդ Մարգարյանը, բանասիրական գիտություններ թեկնածու Արծվի Բախչինյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմագիտության դոկտոր Էդիկ Մինասյանը։ Առաջարկներ հնչեցին պատմության ինստիտուտի հին դարերի պատմության բաժինը երջանկահիշատակ գիտնականի պատվին անվանակոչելու մասին։