ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ - 100

2018 թ. մայիսի 25-26-ին Երևանում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և Երևանի պետական համալսարանի նախաձեռնած «Հայաստանի Հանրապետություն - 100» խորագրով միջազգային գիտաժողովը՝ նվիրված հայոց անկախ պետականության վերականգնման հարյուրամյակին: Նրա աշխատանքներին մասնակցեցին շուրջ յոթ տասնյակ հայ և օտարազգի գիտնականներ, որոնք ներկայացնում էին Հայաստանը, ԼՂՀ-ը, ԱՄՆ-ը, Վրաստանը, Ռուսաստանը, Լիբանանն ու Գերմանիան:

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտն իր նշանակալի ներդրումն ունեցավ այդ կարևոր գիտական միջոցառման և՛ կազմակերպման գործում, և՛ աշխատանքներում: Գիտաժողովի կազմկոմիտեում էին՝ ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պ.գ.թ., դոցենտ Արմեն Մարուքյանը:

Գիտաժողովի լիագումար նիստում ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը հանդես եկավ «Հայոց պետականության վերականգնում. դարակազմիկ իրադարձություն» թեմայով զեկուցմամբ, իսկ գիտաժողովի տարբեր բաժանմունքների նիստերում իրենց գիտական զեկուցումները ներկայացրին Պատմության ինստիտուտի գիտաշխատողները՝ պատմական գիտությունների դոկտորներ Արարատ Հակոբյանը, Համլետ Հարությունյանը, Հրանտ Աբրահամյանը, Գայանե Մախմուրյանը, Վալերի Թունյանը, Վահան Մելիքյանը, Ռուբեն Սահակյանը, Գևորգ Ստեփանյանը, Կարեն Խաչատրյանը, Սուրեն Սարգսյանը, պատմական գիտությունների թեկնածուներ Արմեն Մարուքյանը, Գուրգեն Վարդանյանը, Կարեն Հայրապետյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, Արմենուհի Ղամբարյանը, Համո Սուքիասյանը, Մարիամ Հովսեփյանը, Սեդա Օհանյանը, Անի Ֆիշենկճյանը, բանասիրական գիտությունների թեկնածու Արծվի Բախչինյանը:

     

Նրանց զեկուցումներում հնչեցված ուշագրավ հարցադրումները քննարկվեցին նիստերի ավարտին ծավալված մտքերի փոխանակության ընթացքում:

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի աշխատակիցները նաև մասնակցեցին գիտաժողովի շրջանակներում մայիսի 26-ին ԵՊՀ-ում տեղի ունեցած «Արամ Մանուկյանի նամականին» փաստաթղթերի ու նյութերի ժողովածուի շնորհանդեսին և գիտաժողովի արդյունքների ամփոփման լիագումար նիստին:

                   

Այս գիտաժողովը ոչ միայն լրացրեց Հայաստանի Հանրապետության հարյուրամյակին նվիրված հայաստանյան գիտական միջոցառումների շարքը, այլև շահեկանորեն առանձնացավ դրանում թե՛ մասնակիցների մեծ թվով, թե՛ քննարկված հիմնախնդիրների շրջանակով ու շեշտադրումների արդիականությամբ: