2018 թ. օգոստոսի 26-ից 28-ը ՀՀ պաշտպանության նախարարությանը կից հասարակական խորհրդի (նախագահ Գեղամ Հարությունյան) կողմից կազմակերպվեց հերթական այցելությունը Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զորամասեր: Օգոստոսի 27-ին դասախոսական խմբի անդամները տարբեր զորամասերում ներկայացրին Հայաստանի Առաջին Հանրապետության պատմությանը նվիրված դասախոսություններ:
Նույն օրը, ժամը 17-ին դասախոսական կազմին և հասարակական խորհրդի անդամներին ընդունեցին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և ԱՀ պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը: Հանդիպումը մեկնարկեց անակնկալ, սակայն հաճելի արարողությամբ: Պաշտպանության բանակի զինծառայողների ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ներդրած ավանդի համար «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի մասնակից դասախոսական կազմի 15 անդամներ, որոնց մեծ մասը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի աշխատակիցիներ էին, պարգևատրվեցին մեդալներով:
Դեռ 2018 թ. փետրվարի 19-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն , ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը պարգևատրվել էր «Վաչագան Բարեպաշտ» մեդալով։ Այժմ նույն մեդալին արժանացան նաև փոխտնօրեն, պ. գ. դ., պրոֆեսորներ Կարեն Խաչատրյանը և Վահան Մելիքյանը, պ. գ. դ. Ռուբեն Սահակյանն ու պ. գ. թ., դոցենտ Արմենուհի Ղամբարյանը: «Երախտագիտություն» մեդալով պարգևատրվեցին պ. գ. դ., պրոֆեսոր Գևորգ Ստեփանյանը, պ. գ. թեկնածուներ Անահիտ Խոսրոևան և Կարեն Հայրապետյանը:
Շնորհավորելով պարգևատրվածներին Արցախի Հանրապետության նախագահ Բ. Սահակյանը նշեց, որ մտավորականները պետական պարգևների արժանացել են երկարատև ու քրտնաջան աշխատանքի համար: Նա մասնավորապես նշեց. «Ես շատ բարձր եմ գնահատում տարիների Ձեր անխոնջ աշխատանքը հայկական բանակում, որի շնորհիվ ռազմահայրենասիրական դաստիարակության բնագավառում ձեռք են բերվել լուրջ հաջողություններ։ Միշտ ուրախ ենք կրկին Ձեզ տեսնելու Արցախում և լիահույս ենք, որ Ձեզ հետ միասին շարունակելու ենք մեր այս ազնիվ ու անկեղծ ծառայությունը»:
Հասարակական խորհրդի նախագահ Գ. Հարությունյանը պատասխան խոսքում նշեց. «Պարգևատրումները պարտավորեցնում են ավելին անել: «Պատմություն և մշակույթ» ծրագիրը դարձել է առաքելություն, որն իրագործվում է հոգու պահանջով»: Ա. Մելքոնյանը շնորհակալություն հայտնեց դասախոսների կատարած աշխատանքը Արցախի իշխանությունների կողմից բարձր գնահատելու համար և հավաստիացրեց, որ իրենք ամեն ինչ անելու են ծրագիրը շարունակական ու ավելի արդյունավետ դարձնելու համար։