Ս. թ. մարտի 15-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի ունեցավ գիտագործնական սեմինար, որը կրում էր «Մոսկվայի 1921 թ. մարտի 16-ի խորհրդաթուրքական պայմանագիրը և Հայաստանը» խորագիրը:
Բացման խոսքով հանդես եկավ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, որը իր խոսքում բարձրացրեց Մոսկվայի և Կարսի պայմանագրերի` մերօրյա արժևորման անհրաժեշտությունը և մասնավորապես դրանց քաղաքական գնահատական տալու կարևորությունը:
Հիմնական բանախոսը պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արարատ Հակոբյանն էր, ով նաև Մոսկվայի ու Կարսի պայմանագրերի վերաբերյալ գիտական մենագրության հեղինակ է: Ըստ Արարատ Հակոբյանի` այս նախաձեռնությունն ունի արդիական շեշտադրումներ և կարող է օգտակար լինել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին ու Արցախյան հիմնահարցի լուծմանը: