Տեղի ունեցավ «Հնչակյան կուսակցության կազմավորումը Ժնևում և քսան կախաղանների ավանդը» անգլերեն գրքի շնորհանդեսը

Ս. թ. մայիսի 24-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Ֆրիբուրգի համալսարանի դոկտոր, Շվեյցարիայի կրոնների խորհրդի ընդհանուր քարտուղար Աբել Մանուկյանի «Հնչակյան կուսակցության կազմավորումը Ժնևում և քսան կախաղանների ավանդը» (“The origins of the Hnchakian party in Geneva and the legacy of the twenty gallows”) անգլերեն գրքի շնորհանդեսը:

Գիրքը բաղկացած է երկու մասից: Առաջին մասը նվիրված է Ժնևում Հնչակյան կուսակցության կազմակերպմանը: Երկրորդը մասում քննարկվում է շվեյցարական մամուլի անդրադարձը Համիդյան ջարդերին, երիտթուրքական 1908 թ. հեղափոխությանը, 1909 թ. Ադանայի հայության ջարդերին, Հայոց Մեծ Եղեռնին (այդ թվում՝ հնչակյան գործիչ Փարամազի և ընկերների ճակատագրին):

  

Միջոցառումը մեկնարկեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ա. Մելքոնյանի խոսքով, որը արժևորեց գրքի հրատարակումը: Այնուհետև ինստիտուտի փոխտնօրեն, պ.գ.դ., պրոֆեսոր Կարեն Խաչատրյանի նախագահությամբ շարունակվեց գրքի շնորհանդեսը: Գիրքը միջոցառման մասնակիցներին ներկայացրեցին պ. գ. թ., դոցենտ Համո Սուքիասյանը և ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր Եղիկ Ճերեճյանը: Ողջույնի խոսքով հանդես եկան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պ.գ.դ. Հարություն Մարությանը, պ.գ.դ., պրոֆեսոր Սուրեն Սարգսյանը, պ. գ. թ., դոցենտներ Գեղամ Հովհաննիսյանը և Լիլիթ Զաքարյանը:

  

Շնորհանդեսի ավարտին ելույթ ունեցավ գրքի հեղինակը` Աբել Մանուկյանը, որը երախտիքի խոսք ասաց ելույթ ունեցողներին և շնորհակալություն հայտնեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտին` շնորհանդեսը կազմակերպելու համար: