2019 թ. դեկտեմբերի 18-ին ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի «Հայ գաղթօջախների եւ Սփյուռքի պատմության» բաժնում տեղի ունեցավ «Ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանի 90-ամյակին նվիրված գիտական նյութերի ժողովածուի» հրատարակության շնորհանդեսը (Երեւան, 2019)։
Ժողովածուի հրատարակության եւ Վլադիմիր Բարխուդարյանի կյանքի, գիտական եւ քաղաքացիական գործունեության մասին ելույթներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ Հասարակական գիտությունների բաժանմունքի վարիչ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի փոխտնօրեն, պ.գ.դ. Կարեն Խաչատրյանը, «Հայ գաղթօջախների եւ Սփյուռքի պատմության» բաժնի վարիչ, պ.գ.դ. Գեւորգ Ստեփանյանը, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, Բոլոնիայի համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ Աննա Շիրինյանը, Վլ. Բարխուդարյանի որդին՝ Լեւոն Բարխուդարյանը եւ տիկինը՝ Նեկտար Առաքելյանը։
Ժողովածուին հայ գաղթօջախների պատմության եւ արդի խնիրներին վերաբերվող հոդվածներով իրենց մասնակցությունն էին բերել «Հայ գաղթօջախների եւ Սփյուռքի պատմության» բաժնի բոլոր գիտաշխատողները, ինչպես նաեւ սփյուռքահայ հայագետներ Ֆրանսիայից, Իտալիայից եւ ԱՄՆ-ից։