ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հայտարարությունը

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության և վարչապետի հրաժարականի, ինչպես նաև նոյեմբերի 9-ի նվաստացուցիչ եռակողմ հայտարարարության անընդունելի լինելու մասին ՀՀ ԳԱԱ նախագահության նոյեմբերի 25-ի հայտարարությունը՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտական խորհուրդն իր վրդովմունքն է հայտնում մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ ՀՀ իշխանությունների անհետևողական ու կրավորական պահվածքի համար։ Մասնավորապես՝ Արցախի Հանրապետության մի շարք բնակավայրերում (Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղեր), Սանասարի (Կուբաթլու) ու Կովսականի (Զանգելան) շրջաններում տեղակայված հայկական ուժերի հետքաշման հետևանքով անմիջական սպառնալիք է ստեղծվում ինչպես Արցախի, այնպես էլ ՀՀ արևելյան սահմանների անվտանգության համար։ Ի դեպ, նման պահանջ՝ Կուբաթլուի և Զանգելանի շրջաններում մեր հսկողության տակ գտնվող դիրքերից նահանջելու վերավերյալ, նախատեսված չէ անգամ նոյեմբերի 9-ի անընդունելի փաստաթղթով։ Ելնելով արդեն անվերահսկելի դարձող գործընթացներից՝ վերահաստատում ենք ՀՀ կառավարության և վարչապետի հրաժարականի պահանջը։

18 դեկտեմբերի 2020 թ․