Նորություններ - Հայտարարություններ - Թարմացումներ

«Ռազմավարական միջավայրը Եվրասիայում. ակտորներ և հետաքրքրություններ» խորագրով կլոր սեղան

Եվրասիական տարածաշրջանի պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունների համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ոլորտում մասնագիտացող ուսանողների 2021 թ. ձմեռային միջազգային դպրոցն անցկացվեց ընթացիկ տարվա դեկտեմբերի 1–7-ը, ՀՀ ք. Ծաղկաձորում՝ «Եվրասիական անվտանգություն։ Ռազմավարական միջավայրի փոխակերպումը 21-րդ դարում» խորագրով։

Բանախոսների թվում էին՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը, Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական համալսարանի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, Եվրո-ատլանտյան անվտանգության կենտրոնի Սերգեյ Մարկեդոնովը, նույն ինստիտուտի ավագ գիտաշխատող Ալեքսեյ Տոկարևը, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Ռուբեն Էլամիրյանը, նույն ամբիոնի դասախոսներ՝ ՀՀ նախագահի օգնական Գևորգ Մելիքյանը,  պ. գ. դ., պրոֆ. Արմեն Մարուքյանը, Դելիի Ջավահարլալ Ներուի համալսարանի Միջազգային հետազոտությունների կենտրոնի (CIPOD) դիվանագիտության և զինաթափման ամբիոնի դոցենտ Աբհիշեք Շրիվաստավան, Բեյրութի Ամերիկյան ինստիտուտի Իսսամ Ֆարեսի հանրային քաղաքականության և միջազգային հարցերի ինստիտուտի հետազոտող Եղիա Թաշճյանը, ՀՀ-ում ՌԴ դեսպանության առաջին քարտուղար Դմիտրի Րյախովսկին, «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի նախագահ Մհեր Սահակյանը, Քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի նախագահ Բենիամին Պողոսյանը, Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանը և ԱՄՆ արտաքին քաղաքականության հարցերի փորձագետ Արթուր Խաչիկյանը։

 

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը ելույթ ունեցավ «Ռազմավարական միջավայրը Եվրասիայում. ակտորներ և հետաքրքրություններ» խորագրով կլոր սեղանի ընթացքում։ Պատմաբանը հանգամանորեն ներկայացրեց Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմի նախօրեին, ընթացքում և դրան հաջորդած ժամանակահատվածում հայ-ռուսական ռազմաքաղաքական հարաբերությունների առանձնահատկությունները, խնդիրները, ընդգծեց հայկական տարածքների նկատմամբ թուրք-ադրբեջանական նվաճողական քաղաքականության ու հավակնոտ հայտարարությունների անմիջական վտանգները նաև Ռուսական պետության համար, շեշտեց դրանց դեմ միասնաբար գործելու անհետաձգելի անհրաժեշտությունը՝ ՀԱՊԿ ռազմաքաղաքական դաշինքի միջազգային-իրավական ողջ ներուժի ներգրավմամբ։ Ա. Մարուքյանը նաև հիմնավոր ու համակողմանի պատասխանեց ելույթի վերաբերյալ հնչած հարցերին։