ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում կայացավ ճանաչված, հասարակական գործիչ, արցախյան բոլոր պատերազմերում փառաբանված ազատամարտիկ, պահեստի փոխգնդապետ Մարտիկ Բաղդասարյանի հերթական՝ թվով 13-րդ հատորյակի («Աղետ») շնորհանդեսը:
Բացման խոսքում պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ա. Մելքոնյանը կարևորեց Մ. Բաղդասարյանի սույն և նախորդ գրքերի նշանակությունը պատմության հայրենասիրական դասերն ու լիցքերը հետագա սերունդներին փոխանցելու առումով: Նա ստեղծագործական նոր հաջողություններ մաղթեց հեղինակին:
«Աղետ» գրքի նախապատրաստական ընթացքի և հայրենասիրական դաստիարակիչ գործառույթների վերաբերյալ ելույթներով հանդես եկան «Քաջարի» ջոկատի հրամանատար Աղաբեկ Խաչատրյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ալբերտ Խառատյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող Արմեն Կարապետյանը, ՀՀ զինված ուժերի գնդապետ Արամայիս Դավթյանը, դասակի հրամանատար Սարգիս Սարգսյանը, զոհված ազատամարտիկի ծնող Տիգրան Մարուխյանը և ուրիշներ:
Վերջում հանդես եկավ հայկական պետական մանկավարժական Համալսարանի Զվարթնոց քանոնահարների համույթը: