Հունիսի 13-14-ին Երևանում անցկացված հայ-ռուսական գիտակրթական համաժողովի շրջանակներում ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության գիտակրթական հաստատությունների հետ։ Մասնավորապես կարևորվեց համատեղ աշխատանքը ՌԴ Գիտությունների ակադեմիայի Համաշխարհային պատմության ինստիտուտի և ՌԴ Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի (ՀԿԴՀ) հետ։
Մելքոնյանն անդրադարձավ ՀԿԴՀ Միջազգային հարաբերությունների ամբիոնի (վարիչ՝ պրոֆեսոր Իգոր Կրյուչկով) հետ իրականացվող «Հայկական հարցը միջազգային հարաբերություններում (1895-1923 թթ.)» թեմայի գծով կատարված լայնածավալ աշխատանքին։ Նշվեց, որ թեմայի շուրջ երկու երկրների գիտնականները տպագրել են մեկ տասնյակից ավելի հոդվածներ և մեկ կոլեկտիվ մենագրություն։ Հրատարակության է պատրաստվում ևս մեկ կոլեկտիվ ժողովածու, որն ընդգրկելու է վերոհիշյալ ժամանակաշրջանում Հայկական հարցին վերաբերող նորահայտ նյութեր։