Խորհրդաժողով

ՀՅԴ Հունաստանի Հայ դատի հանձնախմբի, «Արմենիքա» պարբերականի, Պոնտական միության եւ Ասորիների համահելլենական միության համատեղ ջանքերով ս. թ. նոյեմբերի 19-ին Աթենքում Հունաստանի հին խորհրդարանի շենքի դահլիճում տեղի ունեցավ «Թուրքիայի հետևողական նվաճողական քաղաքականությունը Բալկանների, Միջին Արևելքի, Միջագետքի և Հայաստանի նկատմամբ» խորագիրը կրող խորհրդաժողովը: Խորհրդաժողովին մասնակցող երեք բանախոսները ներկայացրին Թուրքիայի քաղաքականությունը` սկսած 19-րդ դարից մինչև մեր օրերը, հանգամանորեն ներկայացնելով հարևան ժողովուրդների դեմ գործադրված ցեղասպանական քաղաքականությունը, ինչի վերջին դրսևորումներից էր Արցախի հայերի բռնագաղթեցումը:

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի «Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ» պ.գ.դ., պրոֆեսոր Արմեն Մարուքյանը հանգամանորեն ներկայացրեց թուրք-ադրբեջանական հակահայկական քաղաքականությունը` սկսած Արցախեան 44-օրյա պատերազմից մինչեւ Արցախի հայաթափումը: Դեպքերի ու փաստերի հիման վրա ներկայացվեց Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքները` եզրակացնելով, որ Արցախյան հիմնախնդիրը և 140.000 գաղթականների վերադարձի իրավունքի հարցը փակված չէ և այն շարունակում է մնալ հայության գլխավոր հիմնախնդիրը:  

Զեկույցներով հանդես եկան նաև Աթենքի համալսարանի աշխարհաքաղաքական ուսմունքների դասախօս, պրոֆ. Իոաննիս Մազիսը և Հունաստանի զինված ուժերի պաշտոնաթող սպա, ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Սավաս Քալենտերիտիսը: