2025թ. օգոստոսի 18-22-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվեց ԱՊՀ երիտասարդ գիտնականների թեմատիկ ամառային դպրոցը, որը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի հաղթանակի 80-ամյակին։ Միջոցառումը կազմակերպվել էր Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի և ԱՊՀ մասնակից երկրների հումանիտար համագործակցության միջպետական ֆոնդի նախաձեռնությամբ։
Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում էին ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի աշխատակիցները՝ պ.գ.թ. Գագիկ Ժամհարյանը, պ.գ.թ. Գայանե Ղազարյանը, Ջեննի Թամարյանը, պ.գ.թ. Մարիամ Գրիգորյանը և պ.գ.թ. Հենրիկ Խաչատրյանը։
Ամառային դպրոցի ծրագիրը հագեցած էր։ Մասնակիցների համար կազմակերպվել էին արտագնա սեմինարներ՝ Բելառուսի պետական «Խաթին» հուշահամալիրում, Մասյուկովշչինա (Շտալագ-352) հուշահամալիրում, Բելառուսի Հայրենական մեծ պատերազմի պետական թանգարանում և Բելառուսի Հանրապետության պետական արխիվում։ Դպրոցի շրջանակում տեղի ունեցավ նաև ԱՊՀ երկրների առաջատար մասնագետների հեղինակած «Խորհրդային Միության ժողովուրդները և Մեծ Հաղթանակը (1941-1945)» կոլեկտիվ աշխատության շնորհանդեսը։
Միջոցառման ընթացքում տարբեր երկրների պատվիրակները հանդես եկան զեկուցումներով, որոնք վերաբերում էին Մեծ Հայրենականի պատմությանը։ Գագիկ Ժամհարյանը ներկայացրեց «Հայրենական մեծ պատերազմի հիշողությունը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով զեկույցը, որտեղ անդրադարձ կատարվեց հայ ժողովրդի մասնակցությանը Մեծ Հաղթանակին և դրա հիշողության պահպանման արդի իրողություններին։
2025թ. Մինսկում անցկացված ամառային դպրոցը ոչ միայն ունեցավ ճանաչողական և ուսուցողական մեծ նշանակություն, այլև նպաստեց ԱՊՀ երկրների երիտասարդ պատմաբանների միջև գիտական կապերի հաստատմանն ու համագործակցության ամրապնդմանը։