2016 թ. սեպտեմբերի 24-25 Գյումրիում անցկացվեց «Շիրակի պատմամշակութային ժառանգությունը. հայագիտության արդի հիմնահարցերը» խորագրով IX միջազգային գիտաժողով: Գիտաժողովին մասնակցելու հայտ էին ներկայացրել շուրջ 104 հոգի, որոնց թվում՝ բացի Հայաստանի տարբեր շրջաներից ժամանած հյուրերից, կային նաև Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից, Լեհաստանից, Ուկրաինայից և այլ երկրներից ներկայացուցիչներ:
Պատմության ինստիտուտից մասնակցեցին 7 հոգի՝ Ա. Մելքոնյան, Հ. Մուրադյան, Ա. Հայրապետյան, Հ. Սուքիասյան, Գ. Մախմուրյան, Մ. Հարությունյան, Հ. Ամիրջանյան: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, կազմկոմիտեի պատասխանատու քարտուղար Ս. Հայրապետյանը: Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Շիրակի մարզպետ Հ. Սիմոնյանը, Գյումրու քաղաքապետ Ս. Բալասանյանը: Գիտաժողովը պաշտոնապես մեկնարկվեց Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Մ. եպս. Աջապահյանի օրհնությամբ:
Հիշատակության արժանի են՝ պ.գ. դ., ԳԱԱ ակադեմիկոս Ա. Մելքոնյանի (Հայոց պետականության փուլերը), բ.գ.դ. Դ. Գասպարյանի (Հայկական վերածնունդ. ժամանակը և առանձնահատկությունները), ճարտ. դ. Մ. Հասրաթյանի (Հայաստանի XVII-XVIII դդ. Ճարտարապետության նվաճումներն ու առանձնահատկությունները) զեկուցումները, որոնք ներկայացվեցին լիագումար նիստում: Լիագումար նիստից հետո գիտական աշխատանքները շարունակվեցին համապատասխան մասնաճյուղերում՝ հնագիտության, մարդաբանության, վիմագրության, պատմագիտության, ժողովրդագրության, ճարտարապետության, արվեստաբանության, ազգաբանության, բանասիրության: Ինքնատիպ դրսևորվեցին պատմագիտության, ժողովրդագրության, ճարտարապետության և արվեստաբանության մասնաճյուղի համալիր աշխատանքերը: Վերջիներս ընթացել էին գիտական բազմաթիվ հարցադրումներով և բուռն քննարկումներով: Բոլոր զեկուցումները զետեղվել էին գիտական տեղեկագրում (Զեկուցումների դրույթներ, Եր., 2016): Գիտաժողովի շրջանակներում անցկացվել էին հետաքրքիր մշակութային միջոցառումներ: