ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ա. Մելքոնյանը և ավագ գիտաշխատող Ռ. Ազիզբեկյանը ս.թ. նոյեմբերի 5-6-ին Մոսկվայում մասնակցեցին ՌԴ ԳԱ ընդհանուր պատմության ինստիտուտի, Ռուսաստանյան պատմական ընկերության, Ռուսաստանյան խաղաղության հիմնադրամի, ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի, ԱՊՀ մասնակից պետությունների պատմաբանների և արխիվիստների միջազգային ասցիացիայի (հանձնաժողովի) կողմից համատեղ կազմակերպված «Պատմական հիշողությունը ԱՊՀ տարածքում. ձևավորումն ու զարգացման միտումները» խորագրով միջազգային գիտաժողովին:

Վերջինիս մասնակցում էին ԱՊՀ ութ մասնակից պետությունների ներկայացուցիչներ ՌԴ-ից, Բելառուսից, Ադրբեջանից և Կենտրոնական Ասիայի բոլոր երկրներից: Ընդ որում, մասնակիցների մեծամասնությունը ինստիտուտների տնօրեններ ու փոխտնօրեններ էին: Առաջին օրը գիտաժողովի մասնակիցներին ողջունեցին ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Մ.Շվիդկոյը, ՌԴ ԳԱ ընդհանուր պատմության ինստիտուտի գիտական ղեկավար, ԱՊՀ մասնակից պետությունների պատմաբանների և արխիվիստների միջազգային ասոցիացիայի (հանձնաժողովի) նախագահ, Ռուսաստանյան պատմական ընկերության համանախագահ, ՌԴ ԳԱ ակադեմիկոս, Ա. Չուբարյանը, ՌԴ ԳԱ ընդհանուր պատմության ինստիտուտի տնօրեն, ՌԴ ԳԱ թղթակից անդամ Մ. Լիպկինը և ուրիշներ: Գիտաժողովի բացումից անմիջապես հետո կայացավ հետխորհրդային տարածքի պատմաբաների (որոնց թվում և ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտի) «Խորհրդային միության ժողովուրդները և Մեծ հաղթանակը. 1941-1945 թթ.» կոլեկտիվ աշխատության շնորհանդեսը:
Ա. Մելքոնյանը հանդես եկավ «Հայաստանը Ռուսական կայսրությունում և Խորհրդային միությունում. ընդհանուր անցյալ» զեկուցումամբ որն արժանացավ հատկապես ռուսաստանյան կողմի բարձր գնահատականին Հատկանշական էր, որ Ադրբեջանը ներկայացնող այդ երկրի ԳԱ պատմության և էթնոլոգիայի ինստիտուտի փոխտնօրենն ու բաժնի վարիչը հանդես եկան ըստ երևույթին նախօրոք մշակված մարտավարության համաձայն: Եթե առաջինն իր ելույթում ընդհանրապես չանդրադարձավ Լեռնային Ղարաբաղին և հայ ժողովրդին, ապա երկրորրդը, հաջորդ օրը, իր զեկուցման մեջ խոսելով նաև ղարաբաղյան առաջին պատերազմի մասին հպանցիկ նշեց իբր հայերի կողմից իրականացված ադրբեջանական ժողովրդի ցեղասպանության մասին: Գիտաժողովի ավարտին այդ սադրիչ հայտարարությանն անառարկելի փաստերով և գիտական հիմնավորումներով պատասխան տվեց Ա. Մելքոնյանը: Ուշագրավ էր, որ գիտաժողովի կազմակերպիչներն ադրբեջանական կողմին թույլ չտվեցին բանավեճ ծավալել հայ պատմաբանի հայտարարության շուրջ:
Ընդհանուր առմամբ գիտաժողովը բավականին հագեցած էր թե' գիտական, և թե' գործնական առումներով: Մասնավորապես այն հնարավորություն ընձեռեց անմիջական շփումներ ունենալ ԱՊՀ գործընկերների հետ և քննարկել հետխորհրդային պատմագիտության կարևոր հիմնախնդիրների զարգացման միտումները: Գործնական առումով՝ գիտաժողովի գրեթե բոլոր մասնակիցները միակարծիք էին գիտական կապերի հաստատման և ամրապնդման անհրաժեշտության վերաբերյալ: Տվյալ առումով հատկանշական էր, որ գիտաժողովի շրջանակներում ՌԴ ԳԱ ընդհանուր պատմության ինստիտուտի տնօրեն Մ. Լիպկինը ընդունեց իր հայ գործընկերներին: Կայացած ջերմ զրույցի ընթացքում երկուստեք պայմանավորվածություն ձեռք բերվեց 2026 թ. գարնանը Երևանում վերաստորագրել ՀՀ ԳԱԱ պատմության և ՌԴ ԳԱ ընդհանուր պատմության ինստուտների միջև գործող համագործակցության մասին համաձայնագիրը:
Վերջում հարկ ենք համարում նշել ընդունող կողմի կատարած կազմակերպչական աշխատանքների բարձր մակարդակը: Այս համատեքստում հատկապես մեծ էսթետիկական հաճույք պատճառեց մշակութային ծրագրի ներառումը, ինչի շնորհիվ գիտաժողովի մասնակիցները հնարավորություն ունեցան Պետական Կրեմլյան պալատում Մեծ թատրոնի բալետային խմբի անզուգական կատարմամբ վայելել «Կարապի լիճ» խիստ տպավորիչ ներկայացումը:

