Դեկտեմբերի 10-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի «Արցախի պատմամշակութային ժառանգության եւ արդի քաղաքական զարգացումների» գիտական խմբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Հայոց արևելից կողմաց նահանգների պատմության հիմնահարցեր» խորագրով հանրապետական գիտաժողովը, որը նվիրված էր պատմաբան, գրող և հասարակական-քաղաքական գործիչ Բագրատ Ուլուբաբյանի ծննդյան 100-ամյակին։

Գիտաժողովի անցկացումը համակապակցված էր Արցախի պետականության ձևավորման համատեքստում նշանակալի երկու տարեթվերի հետ։ 1991 թ. դեկտեմբերի 10-ին միջազգային դիտորդների մասնակցությամբ կազմակերպվել էր Արցախի Հանրապետության անկախության հանրաքվեն, որի մասնակիցների 99.8%-ը արտահայտվել էր անկախության հռչակման օգտին։ Մյուս առանցքային տարեթիվը կապված էր 2006 թ. ընդունված Արցախի Սահմանադրության օրվա հետ, որը դարձավ Արցախի պետականության ինստիտուցիոնալ զարգացման կարևոր հանգրվան։
Պատմության ինստիտուտից զեկուցումներով հանդես եկան Վահրամ Բալայանը, Արտակ Մաղալյանը, Մարինե Հարությունյանը, Հովիկ Ավանեսովը, Արմեն Կարապետյանը, Մհեր Հարությունյանը, Տարոն Հակոբյանը, Իսկուհի Ավանեսյանը:
Միջոցառման ավարտին քննարկվել են մի շարք հրատապ և ընթացիկ նշանակության հարցեր, այդ թվում՝ արցախահայության հավաքական վերադարձի իրավունքի իրացման հիմնախնդիրը, որն առանձնահատուկ տեղ էր զբաղեցնում քննարկումների օրակարգում։

