ՄԵԶ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐ Է ԼԻՆԵԼ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ

Արդեն վեց և կես տարի է, ինչ ԳԱԱ Պատմության ինստիտուտի աշխատակիցները մասնակցում են ՀՀ Պաշտպանության նախարարին կից գործող Հասարակական խորհրդի կողմից իրականացվող «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրին: Այս անգամ նրանք ավելի քան 12-ն էին 30 մասնակիցների թվում:  ԳԱԱ ՊԻ տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը վկայակոչեց այն հանգամանքը, որ իրենց աշխատակիցները հոգու պարտք են համարում  նշված ծրագրին մասնակցելը: Դրան նպաստել է նաև օրեր առաջ Պաշտպանության նախարարար Վիգեն  Սարգսյանի հետ հանդիպումը:

 

     -Ազգ-բանակ խնդիրը մենք ժամանակին շատ լավ ենք ընկալել: «Պատմության և մշակույթի էջեր» ծրագիրը մեզ համար սրտամոտ է,- ասում է  ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը:- Մեզ համար կարևոր է լինել առաջնագծում, զինվորների կողքին: Ցանկանում ենք հոգեբանական առումով զինվորին տրամադրել այնպես, որ նա հավատա, թե թշնամու դեմ մենակ չէ կանգնած, թե նրա կողքին է հայ մտավորականը: Դասախոսությունների ընթացքում աշխատում ենք զինվորի մեջ ներարկել այն գաղափարախոսությունը, որ նա կանգնած է իր պապերի աճյունն ամփոփող հայրենի հողի վրա և իրականացնում է հայրենիքի պաշտպանի սրբազան առաքելությունը, որ յուրաքանչյուր զինվորի վստահված է հայրենի հողի ամեն մի թիզի պահպանությունը:

     Եթե նախկինում մտավորականների նեղ շրջանակ էր մասնակցում «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրին, ապա այսօր խնդիր է դրված ընդլայնել մասնակիցների թիվը՝ տեղափոխելով ազգ-բանակ հարաբերությունները միանգամայն այլ հարթության վրա, քանի որ ներկայումս մեր երկիրը կանգնած է նոր մարտահրավերների առջև:

    Սովորաբար մենք այն ժամանակ ենք հաղթում, երբ հանդես ենք գալիս որպես ազգ և բանակ:  Ընթացիկ տարվա ապրիլյան դեպքերը ևս դրա լավագույն վկայությունն են: Եվ այս համատեքստում  այս ծրագիրը նույնպես կարևոր է՝ փաստում է ԳԱԱ ՊԻ տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը: «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրին մասնակցող մտավորականներն իրենց հերթին լիցքավորվում են զինվորներից, որոնք եղել են առաջնագծում և մասնակցել են ապրիլյան դեպքերին: Ծրագիրը միայն զինվորների համար չէ, այլև՝ դասախոսների, ովքեր Երևան են տեղափոխում տրամադրություններ առաջնագծից՝ դրական բոլոր լիցքերով հանդերձ:

     ՀՀ Պաշտպանության նախարարի  խորհրդական և նրան կից գործող Հասարակական խորհրդի աշխատանքները համակարգող Գեղամ Հարությունյանը տեղեկացրեց, որ «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի շրջանակներում կանոնավոր պարբերականությամբ  կազմակերպվում են մտավորականների այցելություններ ԶՈՒ զորամասեր: Հանդիպումների և զրույց-դասախոսությունների ընթացքում ձգտում կա սերտացնել բանակ-հասարակություն կապը:

      -Բանակում կարևոր են զինվորների հայրենասիրական դաստիարակությունը, հայրենաճանաչության խնդիրները, կրթալուսավորական մթնոլորտի պահպանումն ու զարգացումը: «Պատմության և մշակույթի էջեր» ծրագիրը միտված է թվարկված բոլոր խնդիրների լուծմանը: Սա գործնական օրինակ է այն բանի, թե ինչպես հասարակությունը կարող է իր օժանդակությունը բերել բանակին: Ես իմ խոր երեխտագիտությունն եմ հայտնում այս ծրագրի մասնակիցներին նրանց անշահախնդրության և նվիրվածության համար,- նշում է ՀՀ Պաշտպանության նախարարի  խորհրդական Գեղամ Հարությունյանը:

      «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրին մասնակցել են հանրապետության  100-ավոր մտավորականներ: Արդյունքները զգալի և շոշափելի են:

       -Մենք նախկինում պարբերաբար հանդիպել ենք ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, իսկ այս անգամ՝ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ:  Անկեղծ զրույց և հանդիպում էր: Հետաքրքրությունը և հարցերի շրջանակը, որոնք ներկայացվեցին, և վարչապետը դրանք մեկնաբանեց, շատ լայն էին՝ սկսած տնտեսական հարցերից և վերջացրած  քաղաքական խնդիրներով, ԼՂՀ Սահմանադրական փոփոխություններով, ՀՀ և ԼՂՀ առնչություններով,  ապագայի տեսլականով և այլն:  Ես կարծում եմ, որ այս կարգի հանդիպումները երկուստեք կարևոր են:  Իմանալ առաջին ձեռքից, թե ինչպիսի՞ ծրագրեր և նպատակներ ու ի՞նչ մոտեցումներ ունի երկրի   ղեկավարությունը հետաքրքրող հարցերի վերաբերյալ, նաև նույն այդ ղեկավարությունը, ծանոթանալով և շփվելով  մտավորականների հետ, լսելով հնչեցված հարցերը, շոշափում է նրանց տրամնադրությունները և ակնկալիքները: Արցախի ղեկավարությունը կարևորում է  մտավորականության մշտական այցելություններն ու ՀՀ և ԼՂՀ հասարակական տարբեր շերտերի, խավերի ներկայացուցիչների, առավել ևս՝  մտավորականության կապը բանակի հետ: «Պատմության և մշակույթի էջեր» ծրագիրը ճանաչված և գնահատված է ղեկավարության կողմից, ինչպես նաև Զինված Ուժերում,- ասում է ՀՀ Պաշտպանության նախարարի  խորհրդական և նրան կից գործող Հասարակական խորհրդի աշխատանքները համակարգող Գեղամ Հարությունյանը

      «Պատմության և մշակույթի էջեր» ծրագիրը առանձնահատուկ է նրանով, որ դասախոսները գիտակցում են, թե որքան պատասխանատու է հանդիպումը հայրենիքը պաշտպանող զինվորների հետ: Այս զրույց-դասախոսությունների ժամանակ, ներկայացնելով հայոց պատմության նշանավոր դրվագները, փորձ է արվում դրանք կապել մեր օրերում ծագող խնդիրներին, և զինծառայողների հետ դրանք քննարկելով՝ գտնել լուծումներ:

      Զինվորները ոգևորվում են դասախոսությունների թեմաներով և անգամ իրենց երգով կամ ասմունքով երախտապարտ են լինում մտավորականներին:

      «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրին մասնակցող զինվորներից է նաև Էրիկ Հայրապետյանը: Մի քանի ամսից նա տուն կվերադառնա՝ տանելով իր հետ բազմաթիվ տպավորություններ ու փորձառություն բանակային կյանքից, հիշողություններ նաև այս դասախոսություններից ու անջնջելի ապրումներ ապրիլյան քառօրյա պատերազմից: Նա համոզված է, որ առաջին հերթին զինծառայողներին անհրաժեշտ է լինել  ընկերասեր, հոգատար միմյանց հանդեպ և համախմբված գործել մարտի դաշտում: Էրիկի և դասախոսությունները լսած մյուս զինվորների կարծիքով՝ հանդիպումները մտավորականների հետ անհրաժեշտ են իրենց համար:    

       «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի նախնական պլանի համաձայն՝ դասախոսությունների հաջորդ փուլը նախատեսված է անցկացնել 2017 թվականի գարնանը:

 

Դիտել ռեպորտաժն ամբողջությամբ

Հեղինակ՝ Մարիամ Հովսեփյան ©