ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի ունեցավ պատմագիտական կարևոր մի ձեռնարկի շնորհանդեսը: «Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար» խորագրով մատենաշարի ԺԲ. հատորը լույս է տեսել վերջերս` Բեյրութում:
Պետք է նշել, որ վերոնշյալ մատենաշարի հրատարակությունը իրականացվում է Հ.Յ.Դ. Բյուրոյի որոշումով: Ներկա հատորի խմբագիրն է սփյուռքահայ անվանի մտավորական, մանկավարժ, կուսակցական և հանրային գործիչ Երվանդ Փամպուկյանը: 464 էջ ընդգրկող մեծադիր ու ստվարածավալ հատորը ամբողջությամբ նվիրված է Հայոց Մեծ Եղեռնին: Այն ընդգրկում և ամփոփում է եղեռնի թեմատիկայով Հ. Յ. Դաշնակցության կենտրոնական արխիվներում պահվող նյութերի ամբողջությունը, որոնք զետեղված են հատորի հինգ բաժիններում:
Բացման խոսքում ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը պարզաբանեց և ընդգծեց կատարված աշխատանքի կարևորությունն ու խիստ արդիական նշանակությունը: Հատորի արժանիքների և նրան վերապահված գործառույթների շուրջ բանախոսեցին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, Հ. Յ. Դ. հայ դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը, ԳԱԱ պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմագիտության դոկտոր Գևորգ Խուդինյանը, հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը: Վերջինս հատորի խմբագիր Եր. Փամպուկյանին պարգևատրեց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ոսկե հուշամեդալով և պատվոգրով: Հանդիսության ավարտին հուզիչ խոսքով հանդես եկավ հատորի խմբագիր-պատասխանատուն` սփյուռքահայ գրագետ Երվանդ Փամպուկյանը: