Մեքսիկայի և Բրազիլիայի հայ համայնքները

 

Հետաքրքիր և տպավորիչ հանդիպում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում: Գիտական հասարակայնության առջև ծավալուն բանախոսությամբ հանդես եկան Մեխիկոյի  (Մեքսիկա) սոցիալական անտրոպոլոգիայի հետազոտության և ուսումնառման կենտրոնի աշխատակից, մարդաբան Կառլոս Անթառամյանը և Սան-Պաուլո քաղաքի (Բրազիլիա) ֆեդերալ համալսարանի դոկտոր Էյտոր Լոուեյրան:

Նրանք նոր կողմերով բացահայտեցին Լատինական Ամերիկայի մի շարք երկրների (Բրազիլիա, Մեքսիկա, Կուբա, Դոմինիկյան հանրապետություն) հայ համայնքների ձևավորման և գործունեության անհայտ և սակավ հայտնի էջերը: Բանախոսները ներկայացրեցին վերոնշյալ երկրներում հայտնված առաջին հայերի և հայկական ընտանիքների գործունեության էական կողմերը, նրանց հարաբերությունները լատինաամերիկյան տվյալ երկրների  իշխանությունների և հասարակական կազմակերպությունների հետ:

Որոշակի անդրադարձ եղավ հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում Լատինական Ամերիկայի հայ համայնքների ունեցած դերակատարության շուրջ: Աշխույժ և բովանդակալից մթնոլորտում հյուրերը պատասխանեցին  գիտաշխատողների տարաբնույթ հարցերին:

Վերջում ամփոփիչ խոսքով հանդես եկավ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, նշելով, որ սույն հանդիպումը սկիզբ կլինի Լատինական Ամերիկայի հայ համայնքների ներկայացուցիչների հետ խոր, երկարատև գիտական ու տեսական համագործակցության: