Ինստիտուտի պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցել Է ԱՊՀ երկրների երիտասարդ պատմաբանների հերթական միջազգային ամառային դպրոցին

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային պատմության ինստիտուտի, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի, Ռուսաստանի գիտական հիմնադրամի և ԱՊՀ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) հովանու ներքո 2017 թվականի հունիսի 4–10-ը Սանկտ Պետերբուրգում կայացավ ԱՊՀ երկրների երիտասարդ պատմաբանների հերթական ամառային դպրոցը՝ «1917 թ. հեղափոխությունը. նոր հայացքներ և նոր մոտեցումներ» թեմայով:

Դպրոցի աշխատանքներին մասնակցում էին շուրջ 85 երիտասարդ գիտնականներ և փորձառու դասախոսներ, որոնք ներկայացնում էին ԱՊՀ, Բալթյան երկրների և Եվրոպայի պատմագիտական հաստատությունները: 

Ամառային դպրոցին բացման խոսքով հանդես եկան Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային պատմության ինստիտուտի գիտական ղեկավար, ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանը, միջազգային գիտական համագործակցության բաժնի վարիչ Վիկտոր Իշչենկոն, ինստիտուտի տնօրեն, պ.գ.դ., պրոֆեսոր Միխայիլ Լիպկինը և այլք:

Դասախոսություններով հանդես են եկել մասնակից երկրների 24 բանախոսներ. ՌԳԱ ՀՊԻ առաջատար գիտաշխատող, պ.գ.դ. Վադիմ Դամյեն՝, Ա.Ի. Գերցենի անվան Ռուսաստանի պետական մանկավարժական համալսարանի Համաշխարհային պատմության ամբիոնի պրոֆեսոր, պ.գ.դ. Յուլիա Կանտոռը, Համբուրգի համալսարանին կից Նորդոստ-ինստիտուտի փոխտնօրեն, պրոֆեսոր Վիկտոր Դյոնինգհաուսը, Գերմանական պատմական ինստիտուտի տնօրեն պրոֆեսոր Նակոլաուս Կատցերը, ՌԳԱ ՀՊԻ Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի պատմության բաժանմունքի ղեկավար Ալեքսանդր Շուբինը, ՌԳԱ ՀՊԻ Բալկաններում, Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայի պատմական հետազոտությունների բաժանմունքի ղեկավար Հարություն Ուլունյանը և այլք:

 

Դպրոցում համատեղ դասախոսությամբ հանդես եկան ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտական գծով փոխտնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Կարեն Խաչատրյանը և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Ընդհանուր պատմություն բաժնի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Վահան Մելիքյանը՝ «Հայկական հարցը 1917 թ. ռուսական հեղափոխությունների համատեքստում» թեմայով: Բանախոսները անդրադարձան նաև Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության խնդիրներին:

Հայ գիտնականների դասախոսությունները մեծ հետաքրքրություն առաջացրեցին ունկնդիրների մոտ, հնչեցին բազմաթիվ հարցեր թե՛ դասախոսության թեմայի և թե՛ այլ արդիական խնդիրների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վերաբերյալ և այլն:

Ինստիտուտի պատվիրակության անդամնները՝ Ընդհանուր պատմության բաժնի գիտաշխատող, պ.գ.թ. Գ. Ժամհարյանը, հայցորդներ Ն. Ադամյանը, Ա. Մուրադյանը և Ջ. Թամարյանը մի շարք հարցեր ուղղեցին դասավանդողներին և հնարավորություն ստացան իրենց հերթին դպրոցի մասնակիցների ուշադրությունը հրավիրել Հայկական հարցի, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, Հայաստանի տարածքային հիմնախնդիրների վրա: 

Ամառային դպրոցի աշխատանքների ընթացքում հետագա համագործակցության ծրագրեր քննարկվեցին գիտահետազոտական տարբեր հաստատությունների և գիտնականների հետ (Ռուսաստան, Գերմանիա, Ֆրանսիա, Լիտվա, Մոլդովա, Ուզբեկստան, Տաջիկստան և այլն):

2017 թ. ամառային դպրոցն ուղեկցվեց նաև մշակութային միջոցառումներով,  թանգարանային այցելություններով (Էրմիտաժ, Պետերգոֆ և այլն):