Հերթական այցելությունը Արցախի զորամասեր

Հուլիսի 29-30-ին ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհուրդը (նախագահ Գեղամ Հարությունյան) կազմակերպել էր դասախոսական խմբի հերթական այցը Արցախի Պաշտպանության բանակ:

 

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը ներկայացնում էին տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, պ. գ. դոկտորներ Ռուբեն Սահակյանը, Գևորգ Ստեփանյանը, Վահան Մելիքյանը, պ.գ. թեկնածուներ Արմենուհի Ղամբարյանը, Կարեն Հայրապետյանը, Արտակ Մաղալյանը, Վահե Սարգսյանը, Գուրգեն Վարդանյանը, Զոհրապ Գևորգյանը, Անի Ֆիշենկճյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետը՝ դեկան, պ.գ.դ., պրոֆեսոր Էդիկ Մինասյանը, Հայաստանի ազգային արխիվը՝ տնօրեն, պ.գ.դ., պրոֆեսոր Ամատունի Վիրաբյանը, ԳԱԱ գրականության ինստիտուտը՝ տնօրեն, բ. գ. դ. Վարդան Դևրիկյանը, ՀՀ կոմպոզիտորների միությունը՝ նախագահ Արամ Սաթյանը։ Դասախոսների թվում էին նաև գիտամանկավարժական ու ստեղծագործական այլ հաստատությունների աշխատակիցներ:
Մինչև զորամասեր մեկնելը դասախոսներին ընդունեց Արցախի ՊԲ-ի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Հրամանատարը ողջունեց դասախոսական խմբին՝ մեկ անգամ ևս դրվատելով Հասարակական խորհրդին նման այցելությունների կազմակերպման համար: Գեներալը ընդգծեց, որ բանակը այդօրինակ այցելությունների կարիք ունի և զորամասերից ստացված արձագանքները վկայում են բանակ-հասարակություն կապի ամրապնդման մասին:
Հրամանատարը հանգամանորեն ներկայացրեց ՊԲ-ում իրականացված հսկայածավալ աշխատանքները, խոսեց ստացված սպառազինության, զինծառայողների բարոյահոգեբանական բարձր պատրաստության մասին, պատասխանեց ներկաների հարցերին: Հանդիպումից հետո դասախոսները մեկնեցին զորամասեր: Դասախոսությունների ընթացքում ներկայացվեցին հայոց պատմության տարբեր դրվագներ՝ զուգահեռներ տանելով նաև մեր ժամանակների հետ: