2017 թ. սեպտեմբերի 27-28-ին Մոսկվայում անցկացվեց «1917 թ. հեղափոխությունը և նրա տեղը 20-րդ դարի պատմության մեջ» միջազգային գիտաժողով, որի հանդիսավոր բացումը և լիագումար նիստը տեղի ունեցավ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում, իսկ աշխատանքները շարունակվեցին ՌԴ Գիտությունների ակադեմիայի նախագահության շենքում:
Կոնֆերանսը, որին մասնակցեցին մի քանի տասնյակ անվանի գիտնականներ աշխարհի տարբեր երկրներից (Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Գերմանիա, Ֆրանսիա, Բելառուս, Ուկրաինա, Հայսատան, Վրաստան, Ադրբեջան, Տաջիկստան, Ղրղզստան, Ղազախստան, Ուղբեկստան, Մոլդովա, Էստոնիա, Իտալիա, Իսպանիա, Լեհաստան, Շվեյցարիա, Նորվեգիա, Մեկսիկա, Չիլի, Արգենտինա, Բոլիվիա և այլն), բացեց Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ռեկտոր Ա. Տորկունովը: Նա ընթերցեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույնի ուղերձը կոնֆերանսի մասնակիցներին: Գիտաժողովին զեկուցումներով մասնակցեցին ինստիտուտի տնօրեն Ա. Մելքոնյանը և փոխտնօրեն Կ. Խաչատրյանը: Նրանք անդրադարձան Հայաստանի և հայության ճակատագրում, Հայկական հարցում 1917 թ. ռուսաստանյան հեղափոխությունների հետևանքներին: Կոնֆերանսի աշխատանքների ընթացքում Ա. Մելքոնյանը և Կ. Խաչատրյանը գիտական համագործակցության հաստատման և ծավալման մի շարք քննարկումներ ունեցան տարբեր երկրների պատմաբանների հետ:
Սեպտեմբերի 27-ին ՌԴ Գիտությունների ակադեմիայի Ընդհանուր պատմության ինստիտուտում Ա. Մելքոնյանը և Կ. Խաչատրյանը մասնակցեցին հետխորհրդային տարածքի պատմության ինստիտուտների ղեկավարների հերթական խորհրդակցությանը, որը վարում էր ԱՊՀ պատմության ինստիտուտների միջազգային ընկերակցության նախագահ, ՌԴ ԳԱ ակադեմիկոս Ա. Չուբարյանը: Օրակարգում էին՝ ինստիտուտների ղեկավարների հաղորդումները 2017 թ. գիտական գործունեության արդյունքների մասին, երկկողմ և բազմակողմ գիտական համագործակցության համար թեմաների ճշգրտման, երիտասարդ պատմաբանների հերթական Ամառային դպրոցի տեղի և թեմատիկայի հաստատման և այլ հարցեր: