Դեկտեմբերի 4-ին տեղի ունեցավ Պատմության ինստիտուտի տարեկան ամփոփիչ ժողովը: Ինստիտուտի տնօրեն Ա. Մելքոնյանը ներկայացրեց 2017 թ. գիտական և գիտակազմակերպչական գործունեությունը:
Նախքան 2017թ․ գիտական գործունեության արդյունքներն ամփոփելը նա անդրադարձավ ինստիտուտի՝ 2012-2017թ․ ընթացքում կադրային կազմում տեղի ունեցած փոփոխություններին։
Այնուհետև Մելքոնյանը ներկայացրեց հաշվետու տարում գրանցված կարևորագույն ձեռքբերումները, մասնավորապես՝ «Հայ պարբերական մամուլի պատմություն» երկհատորյակի 2 հատորի լույս ընծայումը։ Հատորը ընդգրկում է 1900-1922 թթ․ ժամանակահատվածում հրատարակված հայերեն թերթերի և ամսագրերի պատմությունը։
«Հայոց պետականության հիմնախնդիրները հնագույն ժամանակներից մինչև 1918 թ.» թեմայի շրջանակներում կատարված աշխատանքների շարքում Մելքոնյանը կարևորեց Աղթամարի կաթողիկոսության պատմության (1113-1895թթ) և Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգի XIX դարի վերջերին – XX դարի սկզբներին պատմաժողովրդագրության ուսումնասիրությունները։
Նշյալ թեմատիկ ուղղության շրջանակում լույս տեսած աշխատություններից արժեքավոր են հատկապես Վլադիմիր Բարխուդարյանի «Ֆեոդալական հողատիրությունը Հայաստանում 9–11-րդ դարերում» աշխատությունը և Վահան Տեր-Ղևոնդյանի «Կիլիկյան Հայաստանը և Այյուբյան պետությունները (1171-1260)» մենագրությունը։
«Հայաստանը և հայությունը նորագույն ժամանակաշրջանում: Հայկական հարց և Հայոց ցեղասպանություն» թեմայի շրջանակում հրատարակված աշխատություններից մատնանշվեցին Կլիմենտ Հարությունյանի «Սյունիքի զավակների մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմին (1941-1945 թթ․)», Արամ Սայիյանի «Արարատի 1926-1930 թթ. ապստամբությունը թուրք-քրդական և հայ-քրդական հարաբերությունների ու տարածաշրջանային զարգացումների համածիրում», Մարտիրոս Հարությունյանի «Հայ–վրացական հարաբերությունները 1918–1919 թվականներին (նամակներ, զեկուցագրեր), կազմող` Հ. Կ. Սուքիասյան», Արծվի Բախչինյանի «Հայ-ճապոնական պատմամշակութային առնչությունները» և «Հայերը Չինաստանում։ Հայ-չինական պատմամշակութային առնչությունները», Արծրուն Հովհաննիսյանի «Ռազմարվեստի զարգացումը 20-րդ դարում. հեռանկարները: Համառոտ ուսումնասիրություն», Արմեն Մարուքյանյի «Հայոց ցեղասպանության հարցը Թուրքիայի արդի ներքաղաքական զարգացումների համատեքստում» աշխատություններն ու մենագրությունները։
Ընդհանուր առմամբ ընթացիկ տարվա ընթացքում ինստիտուտում տպագրվել է 238 աշխատություն, որից 32-ը գրքեր են, իսկ 206-ը՝ թե՛ հայալեզու, թե՛ օտարալեզու հոդվածներ:
Մելքոնյանը խոսեց նաև 2017 թ․ ընթացքում ինստիտուտում կազմակերպված հանրապետական և միջազգային գիտաժողովների, դրանցում գիտաշխատողների մասնակցության և նրանց գործուղումների մասին։ Ներկայացվեց նաև 2017թ․ ֆինանսական հաշվետվությունը։
Միջազգային համագործակցության շուրջ ձեռք բերված արդյունքների մասին իր ելույթում խոսեց ինստիտուտի փոխտնօրեն Կ․Խաչատրյանը։ Նշանակալի ձեռքբերումների թվում առանձնացվեցին երկկողմ գիտական համագործակցության համաձայնագրի ստորագրումը Տաջիկստանի ԳԱԱ պատմության, հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ, նման համաձայնագրի նախապատրաստումը Ռումինայի գործընկերների հետ, Հայաստանի պատմագետների միության լիիրավ անդամակցությունը Պատմական գիտությունների համաշխարհային կոմիտեին։ Խաչատրյանը կարևորեց Հայաստանի պատմագետների միության շրջանակում տարվող աշխատանքները, որի անդամների մեջ զգալի թիվ են կազմում Պատմության ինստիտուտի գիտաշխատողները։
Ելույթներով հանդես եկան նաև ինստիտուտի բաժնի վարիչներ Գ․ Ստեփանյանը, Ա․ Խառատյանը, Ա․ Մարուքյանը։
Նիստին ելույթ ունեցավ նաև ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը՝ դրական գնահատական տալով Պատմության ինստիտուտի՝ 2017թ․ գիտական և գիտակազմակերպչական գործունեությանը։