Փետրվարի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նախաձեռնությամբ անցկացվող «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի ակտիվ մասնակիցներին։
Տարիներ շարունակ իրականացվող ծրագրին ներգրավվել են պատմության և մշակույթի ոլորտի ավելի քան 250 հեղինակավոր գործիչներ, ովքեր պարբերաբար այցելել են զորամասեր, հանդես եկել 1000-ից ավելի դասախոսություններով:
Արժևորելով ծրագրի դերը զինծառայողների հայրենասիրական դաստիրակության գործում՝ Դավիթ Տոնոյանը ծրագրի մասնակիցներին հավաստիացրել է, որ յուրաքանչյուր նման այցելություն ու հանդիպում նոր լիցք է հաղորդում ազգային բանակի զինվորներին և սպաներին։
Հանդիպման ավարտին նախարար Դավիթ Տոնոյանը զինծառայողների ազգային, հայրենասիրական դաստիրակության գործում ունեցած ներդրման, ինչպես նաև ծրագրին ցուցաբերած ակտիվ մասնակցության համար պատվոգրերով և հուշամեդալներով է պարգևատրել մի շարք արվեստագետների և գիտնականների։
Պարգևատրվածների թվում էին նաև ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի մի խումբ գիտաշխատողներ, որոնցից՝ հին դարերի պատմության բաժնի վարիչ, պ. գ. թ. Հայկ Հակոբյանը արժանացավ Անդրանիկ Օզանյան հուշամեդալի, միջին դարերի պատմության բաժնի ավագ գիտաշխատող, պ. գ.թ. Արտակ Մաղալյանը՝ Վազգեն Սարգսյան հուշամեդալի, նորագույն պատմության բաժնի ավագ գիտաշխատող, պ. գ. թ. Գուրգեն Վարդանյանը, հայ գաղթօջախների և Սփյուռքի պատմության բաժնի գիտաշխատող, պ. գ. թ. Վահե Սարգսյանը արժանացան Գարեգին Նժդեհ հուշամեդալի, իսկ Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության բաժնի վարիչ, պ. գ. դ. Արմեն Մարուքյանը՝ Դրաստամատ Կանայան հուշամեդալի: