Ս. թ. մայիսի 17-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի ունեցավ պատմական գիտությունների թեկնածու Կարո Ժամխարյանի (1986–2016) «Կրթամշակութային կյանքը և հայապահպանության խնդիրները Սիրիայի և Լիբանանի հայկական համայնքներում 1920-1930-ական թթ.» գրքի շնորհանդեսը:
Գիրքը նվիրված է Սիրիայի և Լիբանանի հայկական համայնքների ձևավորմանը, հայապահպան առաքելության կազմակերպմանը, որբանոցներին, կրթական հաստատություններին, թատերական, գրական կյանքին, պարբերական մամուլին:
Միջոցառումը մեկնարկեց Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի բացման խոսքով: Այնուհետև գիրքը միջոցառման մասնակիցներին ներկայացրեց պ. գ. թ., դոցենտ Համո Սուքիասյանը:
Ողջույնի խոսքով հանդես եկան գրքի խմբագիր, պ. գ. թ., դոցենտ Էդիկ Գևորգյանը, «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրեն, ֆ.-մ. գ. թ. Վահրամ Մկրտչյանը, ՀՊՄՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան, պ. գ. թ., դոցենտ Էդգար Հովհաննիսյանը և Պատմության ինստիտուտի գիտաշխատող, պ. գ. թ. Անի Ֆիշենկճյանը:
Ավարտին ելույթ ունեցավ Էթերի Մամուլյանը, որը երախտիքի խոսք ասաց ելույթ ունեցողներին և շնորհակալություն հայտնեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտին` շնորհանդեսը կազմակերպելու համար: