ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ

2019 թ. սեպտեմբերի 2–6–ը Ռումինիայի Ակադեմիայի Հարավ–արևելաեվրոպական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, դոկտոր Անդրեյ Տիմոտինի պաշտոնական հրավերով ինստիտուտի փոխտնօրեն, պ.գ.դ., պրոֆեսոր Կարեն Խաչատրյանը մասնակցել է Բուխարեստում տեղի ունեցած «Հարավ–արևելաեվրոպական ուսումնասիրությունների 12–րդ միջազգային համաժողովին»:

 

Համաժողովի բացման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 2–ին Բուխարեստի համալսարանում, մասնակցում էին տասնյակ ճանաչված գիտնականներ աշխարհի տարբեր երկրներից։

Կ. Խաչատրյանը Փարիզի համալսարանական քաղաքի հայ ուսանողների տան տնօրեն, դոկտոր Աննա Լեյլոյան–Եկմալյանի հետ միասին համանախագահել է համաժողովի «Անիից մինչև Ռումինիա. պատմություն, ավանդույթ և պատկերագրություն» բաժանմունքը, վարել նիստերից մեկը: Բաժանմունքում զեկուցումներով հանդես են եկել ինչպես հայաստանցի (ՀՀ ԳԱԱ-ից, ԵՊՀ-ից, Մատենադարանից), այնպես էլ օտարերկրյա հայագետ–մասնագետներ, ծավալվել է հետաքրքիր քննարկում: Իր ամփոփիչ խոսքում կարևորելով միջազգային նման ներկայացուցչական համաժողովում «հայկական բաժանմունք» կազմակերպելու և անցկացնելու փաստը, դրանում Ա. Տիմոտինի և Ա. Լեյլոյան–Եկմալյանի մեծ ներդրումը, Կ. Խաչատրյանը ընդգծել է ապագայում հրավիրվելիք 13–րդ համաժողովում հայ պատմաբանների և մասնագետների առավել ընդգրկուն մասնակցության անհրաժեշտության մասին:

 

Համաժողովի միջոցառումների շրջանակներում հայկական պատվիրակության կազմում Կ. Խաչատրյանը մասնակցել է Ռումինիայի ակադեմիայում տեղի ունեցած մի քանի գրքերի շնորհանդեսներին։ Կ. Խաչատրյանը հանդիպումներ է ունեցել Բուխարեստի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, հյուրընկալվել Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի կողմից, ծանոթացել Բուխարեստի հայկական եկեղեցու հարևանությամբ գտնվող Հովսեփ եւ Վիկտորիա Դուդյան Հայ մշակույթի տան գրադարան–թանգարանի հարուստ և անչափ արժեքավոր հավաքածուներին, այդ թվում՝ հայերեն եզակի ձեռագրերի։

Կ. Խաչատրյանը Բուխարեստում այցելել է Ռումինիայում ՀՀ դեսպանություն, հյուրընկալվել արտակարգ և լիազոր դեսպան, դոկտոր Սերգեյ Մինասյանի կողմից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են գիտակրթական համագործակցության որոշ հարցեր, նախանշվել ապագայի ծրագրեր:  

Մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝

http://www.congresaiesee2019.acadsudest.ro/content/congress-2019