2019 թ. սեպտեմբերի 27-29-ը Գյումրու մարզամշակութային կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի կազմակերպած «Շիրակի պատմամշակութային ժառանգությունը. հայագիտության արդի հիմնահարցեր» 10-րդ միջազգային գիտաժողովը: Գիտաժողովում ներկայացված շուրջ 150 զեկուցումները նվիրված էին Հայաստանի պատմությանը, հնագիտությանը, ազգաբանությանը, բանագիտությանը, բանասիրությանը, հայ մշակույթի հարցերին:
Գիտաժողովի բացումը և լիագումար նիստը տեղի ունեցավ սեպտեմբերի 27-ին: Բացման խոսքով հանդես եկավ կենտրոնի տնօրեն, պ.գ.թ., դոցենտ Արմեն Հայրապետյանը: Այնուհետև մասնակիցներին ողջունեցին և գիտաժողովին արդյունավետ ընթացք մաղթեցին ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրու փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանը, քաղաքապետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը: Լիագումար նիստում ընթերցված զեկուցումներից հետո գիտաժողովի աշխատանքներն ընթացան 5 մասնաճյուղերում:
Գիտաժողովում զեկուցումներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի բաժնի վարիչ, պ.գ.թ., դոցենտ Գոհար Վարդումյանը («Անանիա Շիրակացու հայացքները հին շրջանի գիտության և դիցաբանության վերաբերյալ»), գիտաշխատող Կարեն Թոխաթյանը («Մեծ Հայքի հյուսիսի ժայռապատկերները»), պ.գ.թ. Մարինե Հարությունյանը («Արցախի Խանածախ գյուղի ավետարանը ըստ ՄՄ թիվ 7840 ձեռագրի»), հայցորդ Մանյա Նաջարյանը («Կ. Պոլսի Հայոց Ազգային ժողովը և Ամենայն Հայոց կաթողիկոսների ընտրությունները»), կրտսեր գիտաշխատող Նինետա Ադամյանը («ԿՀԲԸ-ի և բրիտանական հասարակական ընկերությունների համագործակցության պատմությունից (1915-1917 թթ.)»), բաժնի վարիչ, պ.գ.դ., դոցենտ Արմեն Մարուքյանը («Երիտթուրքական վարչակարգի ցեղասպան քաղաքականությանը զուգահեռ իրագործված՝ հայերի ունեզրկման «օրենսդրական» մեխանիզմները»), պ.գ.դ. Սուրեն Սարգսյանը («Հայ ժողովրդական կուսակցության տեղն ու դերը Հայաստանի առաջին Հանրապետության քաղաքական կյանքում»), պ.գ.թ., դոցենտ Հովհաննես Ալեքսանյանը («Հայազգի կուսակցական-պետական գործիչները Միջին Ասիայի խորհրդային հանրապետություններում»), պ.գ.թ., դոցենտ Համո Սուքիասյանը («Մշակութային գործունեության կազմակերպումը Ալեքսանդրապոլի (Լենինականի) գավառում 1920-ական թվականներին»):