ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Անահիտ Խոսրոևայի կոչը Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի պատգամավորներին

Օգոստոսի 7-ը ասորիների ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Ամեն տարի այս օրը աշխարհով մեկ սփռված ասորիները իրենց հարգանքի տուրքն են մատուցում Առաջին աշխարհամարտի տարիներին եղբայրական հայ և հույն ժողովուրդների հետ մեկտեղ թուրքական յաթաղանին զոհ գնացած շուրջ 750 հազար ասորի նահատակվածների հիշատակին: 

Սույն թվականի օգոստոսի 7-ին ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Անահիտ Խոսրոևան հրավիրված էր Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի խորհրդարան, որտեղ իր ծավալուն զեկուցումից հետո, որը նվիրված էր Օսմանյան կայսրությունում հայերի, ասորիների և հույների ցեղասպանության պատմությանը, նա կոչ արեց խորհրդարանի պատգամավորներին պաշտոնական մակարդակով ճանաչել և իր անունով կոչել այս ոճրագործությունը, որպես «ցեղասպանություն»:

  

Զեկուցմանը ներկա էին Նոր Հարավային Ուելս նահանգի ներկայիս 45-րդ վարչապետ հայազգի Գլեդիս Բերեջիկլյանը, կառավարության տասնյակ ներկայացուցիչներ, խորհրդարանի բազմաթիվ պատգամավորներ, հայ, հույն և ասորի ազգի ներկայացուցիչներ:  

Միջոցառման ավարտին ցեղասպանագիտության բնագավառում իր կատարած տասնյակ տարիների աշխատանքի համար Ա. Խոսրոևան պարգևատրվեց խորհրդարանի պատգամավոր Տանյա Դեվիսի կողմից: