Սեպտեմբերի 21֊ին Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանում մեկնարկեց «ԽՍՀՄ վճռական դերը ֆաշիստական Գերմանիայի ջախջախման և Եվրոպայի հետպատերազմյան կառուցվածքի ձևավորման գործում» միջազգային գիտաժողովը։ Ի թիվս ՌԴ և ԱՊՀ երկրների մասնակիցների, հեռավար կարգով գիտաժողովին մասնակցում էին նաև Սերբիայի, Հայաստանի և Ֆրանսիայի մասնագետները։
Հայաստանը ներկայացնում էին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը և Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, Թուրքիայի պատմության բաժնի վարիչ Քրիստինե Մելքոնյանը։ Ա. Մելքոնյանը ներկայացրեց Երկրորդ համաշխարհային և Հայրենական պատերազմների բնույթի վերաբերյալ հայ մասնագետների մոտեցումերը, իսկ Ք.Մելքոնյանը խոսեց պատերազմում Թուրքիայի երկդիմի քաղաքականության և իրականում Գերմանիայի հետ գաղտնաբար դաշնակցելու մասին։ Գիտաժողովի կազմակերպիչները շնորհակալություն հայտնեցին հայ պատմաբաններին զեկուցումների համար և եղբայրական հայ ժողովրդին շնորհավորեցին անկախության տոնի կապակցությամբ։