ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀ ՋՈԶԵՖ ՌԱԲԻՆԵՏՏ ԲԱՅԴԵՆԻՆ
Մեծարգո պարոն նախագահ,
Հայաստանի պատմաբանների անունից շնորհակալություն ենք հայտնում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին ընդառաջ մեր նամակին արձագանքելու և Ձեր ապրիլի 24-ի ամենամյա ուղերձում Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի նկատմամբ իրագործված ոճրագործությունը «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» անվանելու համար: 2019 թ. ԱՄՆ-ի Կոնգրեսի Համանքների պալատի և Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևերի ընդունումից հետո հայ ժողովուրդը նույն դիրքորոշումն էր ակնկալում ԱՄՆ-ի նախագահից: Այս քայլով Դուք վերականգնեցիք պատմական արդարությունը և ճշգրիտ իրավական գնահատական տվեցիք ավելի քան 100 տարի առաջ հայ ժողովրդի նկատմամբ իրագործված ոճրագործությանը: Հուսով ենք, որ Ձեր օրինակին կհետևեն նաև այլ երկրները, ինչը կհանգեցնի ապագայում ցեղասպանության հանցագործությունների կանխարգելմանը և կնպաստի մեր տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը: