ԵՐԻՏԱՍԱՐԴ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԻ XLI ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆ

2021 թվականի հուլիսի 3–4-ը ԳԱԱ Արզականի գիտաժողովների տանը տեղի ունեցավ Պատմության ինստիտուտի երիտասարդ գիտաշխատողների հերթական` 41-րդ գիտական նստաշրջանը: Ինստիտուտի երիտասարդ աշխատակիցներից, ասպիրանտներից ու հայցորդներից բացի, գիտաժողովին մասնակցում էին ներկայացուցիչներ նաև ԵՊՀ-ից, ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնից, Հայաստանի ազգային արխիվից:

Գիտական նստաշրջանի բացումը տեղի ունեցավ հուլիսի 3-ին: Բացման խոսքով հանդես եկավ ինստիտուտի տնօրեն, ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, որը կարևորեց միջին և ավագ սերնդի դերը երիտասարդներին աջակցելու և փորձի փոխանակման առումով:

Այնուհետև գիտաժողովի մասնակիցներին ողջունեցին ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը և Պատմության ինստիտուտի փոխտնօրեն, պ.գ.դ., պրոֆ. Կարեն Խաչատրյանը:

Գիտաժողովի երեք նիստերը վարեցին՝ Երիտասարդ գիտաշխատողների խորհրդի նախագահ Վահե Սարգսյանը, Նոր պատմության բաժնի կրտսեր գիտաշխատող Նինետա Ադամյանը և պ.գ.թ., դոցենտ Համո Սուքիասյանը: 

Պատմության ինստիտուտից զեկուցումներով հանդես եկան Վահե Սարգսյանը, Հարություն Խուդանյանը, Արմեն Պողոսյանը,  Հայկարամ Հակոբյանը, Շավարշ Ազատյանը, Անդրանիկ Եսայանը, Նինետա Ադամյանը, Ստյոպա Պետոյանը, Հայկուհի Առաքելյանը, Լիլիթ Քոսյանը, Ջեննի Թամարյանը, Գայանե Ղազարյանը և Կարեն Մկրտչյանը: Զեկուցումների ավարտից հետո տեղի ունեցավ աշխույժ քննարկում, հարց ու պատասխան:

Հուլիսի 4-ին տեղի ունեցավ նստաշրջանի արդյունքների ամփոփումը: Ելույթ ունեցան ինստիտուտի գիտքարտուղար, պ.գ.թ., դոցենտ Հակոբ Մուրադյանը, Հին դարերի բաժնի վարիչ, պ.գ.թ., դոցենտ Գոհար Վարդումյանը, Նորագույն պատմության բաժնի ավագ գիտաշխատող Համո Սուքիասյանը: Վերջում ինստիտուտի փոխտնօրեն Կարեն Խաչատրյանը ամփոփեց գիտական նստաշրջանի արդյունքները, իր գոհունակությունը հայտնեց, որ անցնող տարիների ընթացքում ինստիտուտի երիտասարդ աշխատակիցները փորձառություն են ձեռք բերել և հմտացել են իրենց թեմաներում: Այնուհետև նա գիտաժողովի մասնակիցներին  տեղեկացրեց, որ ներկայացված լավագույն զեկուցումները կհրատարակվեն Պատմության ինստիտուտի «Հայոց պատմության հարցեր» տարեգրքի 22-րդ համարում: