ԳԻՏԱԺՈՂՈՎ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ

2019 թ. օգոստոսի 26-28-ը Պեկինում անցկացվեց Մետաքսի ճանապարհի մշակույթին և համագործակցության խնդիրներին առնչվող ամենամյա «2nd Annual International Conference on Traditional Cultures along the Silk Roads» գիտաժողովը, որն այս նվիրված էր Մետաքսի ճանապարհի ժողովուրդների լեգենդներին ու ծեսերին: Այն կազմակերպել էր ՉԺՀ հասարակական գիտությունների ակադեմիայի Էթնիկ գրականության ինստիտուտը (Institute of Ethnic Literature of CASS):

Գիտաժողովին ելույթ ունեցավ 6 երկրի 51 մասնակից, որոնցից 34-ը Չինաստանից, 6-ը Մոնղոլիայից, 4-ը Ռուսաստանից, երկուական` Հայաստանից, Հվ. Կորեայից և Հունգարիայից, 1-ը` Ճապոնիայից:

Էթնիկ գրականության ինստիտուտի տնօրեն, դր. Չաո Գեջինի հրավերով Հայաստանի Հանրապետությունից «Myths and Epics» մասնաճյուղի աշխատանքին մասնակցեցին Պատմության ինստիտուտի Հին դարերի պատմության բաժնի վարիչ, առաջատար գիտաշխատող Գոհար Վարդումյանը և բաժնի գիտաշխատող Կարեն Թոխաթյանը:

Գ. Վարդումյանը հանդես եկավ «Ancient Armenian Cosmogonic and Theogonic Myths» (Հին հայկական տիեզերածնական և դիցածնական առասպելները) անգլերեն զեկուցմամբ, ցուցադրելով հնագիտական, ազգագրական և մանրանկարչական նյութերից կազմված 35 էջանոց պատկերաշար: Ներկայացրեց հայոց ազգածագման և էթնիկ զարգընթացի հենքի վրա ձևավորված և  դիցապաշտական համակարգում տեղ գտած առասպելները, որոնք հին շրջանի հոգևոր մշակույթի առանցքն են կազմել, պահպանվելով ոսկեդարյան պատմիչների երկերում և բանահյուսության մեջ (մասնավորապես «Սասնա Ծռեր» դյուցազներգությունում), ինչպես նաև ազգագրական իրականության մեջ:

Կ. Թոխաթյանը հանդես եկավ «Petroglyphs of Armenia along the Great Silk Road» (Հայաստանի ժայռապատկերները Մետաքսի մեծ ճանապարհի երկայնքով) անգլերեն զեկուցմամբ, ցուցադրելով Ժայռապատկերներով, հնագիտական նյութերով ու քարտեզներով կազմված 40 էջանոց պատկերաշար: Մետաքսի Ճանապարհի երկրների տարածքի ժայռարվեստային ժառանգության հետ համադրմամբ ներկայացրեց Հայաստանի ժայռապատկերները, կարևորելով հատկապես դրանց` տեղեկատվության կրող ու տարածության մեջ կողմնորոշման միջոց լինելը, ինչը վկայում է Հայաստանի ճանապարհային ցանցի վաղնջականությունը և կարևոր դերը Հին Աշխարհում:

Զեկուցումների ամբողջական նկարակիր տեքստերը նախապես հրատարակվել էին անգլերեն և չինարեն: Դրանք ընդունվեցին մեծ հետաքրքրությամբ, տրված գիտական հարցերը հիմնավոր բացատրություն ստացան:

Պեկինի գիտաժողովի 10 մասնակից, այդ թվում Գ. Վարդումյանը, Կ. Թոխաթյանը և մեկական մասնակից Ռուսաստանից, Հունգարիայից և Հվ. Կորեայից, նույն զեկուցումները ներկայացնելու համար հրավիրվեցին նաև Գանսու նահանգի` Մետաքսի ճանապարհի դարպաս Դունխուան քաղաք, որտեղ օգոստոսի 29-31-ը տեղի ունեցան «Մետաքսի ճանապարհ (Դունխուան). միջազգային մշակութային IV էքսպո» և « Մետաքսի ճանապարհ (Դունխուան). միջազգային տուրիստական IX փառատոն» միջոցառումները:

Կազմակերպվեցին այցելություններ դեպի մոտակա Մոգաո` «1000 Բուդդայի քարանձավներ» և Գոբի անապատի օազիսներից մեկի «Երգող ավազներ», «Կիսալուսնի աղբյուր» վայրեր, հրավիրվեցին ազգային օպերային և համերգային երկու ներկայացման:

Գիտաժողովներն ընթացան ջերմ ու գիտական մթնոլորտում: