ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ՝ նվիրված մեծանուն պատմաբան Վլադիմիր Ղազախեցյանի ծննդյան 100-ամյակին։ Հոբելյանական միջոցառման նպատակն էր վերարժևորել անվանի պատմաբանի գիտական ժառանգությունը և հարգանքի տուրք մատուցել մեծ գիտնականի հիշատակին։

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը։ Արժևորելով Վլադիմիր Ղազախեցյանի նշանակալի ներդրումը հայ պատմագիտության զարգացման գործում՝ նա նշեց. «Անգնահատելի է Վ․ Ղազախեցյանի դերը հայ պատմագիտության զարգացման մեջ։ Լիահույս եմ, որ նման միջոցառումները շարունակական կլինեն, և մենք մեր մեծերին հիշելու, գնահատելու ու նրանց հիշատակին հարգանքի տուրք մատուցելու բազմաթիվ առիթներ կունենանք»։
Ելույթներով հանդես եկան Պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուբեն Ազիզբեկյանը և «Քվանտ» վարժարանի տնօրեն, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Ռոբերտ Վարդանյանը։
Միջոցառման ընթացքում պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Համո Սուքիասյանը ներկայացրեց Վ․ Ղազախեցյանի կենսագործունեությունը՝ ևս մեկ անգամ հնարավորություն ընձեռելով ներկաներին վերհիշելու նրա գիտակրթական գործունեությունն ու կենսագրության ուշագրավ դրվագները։
Զեկուցմամբ հանդես եկավ նաև Պատմության ինստիտուտի փոխտնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Խաչատրյանը։ Հնչեցին ելույթներ և հուշեր Վ․ Ղազախեցյանի մասին, որոնք նվիրված էին պատմաբանի կյանքի ու գործունեության արժևորմանը։

