2017 թ. սեպտեմբերի 22-ին ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը կդառնար 90 տարեկան։
Այս առիթով ՀՀ Գիտությունների Ակադեմիայի նախագահությունը եւ Պատմության ինստիտուտը միջոցառումներ անցկացրին երջանկահիշատակ պատմաբանի հիշատակին։ Առավոտյան նրա շիրմին խունկ ծխելուց ու ծաղիկներ խոնարհելուց հետո, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում, հանդիսավոր պայմաններում, Վ.Բարխուդարյանի ընտանիքի անդամների ու բազմաթիվ հյուրերի ներկայությամբ «Հայ գաղթօջախների եւ սփյուռքի պատմության» բաժինը անվանակոչվեց ակադեմիկոս Վ. Բ. Բարխուդարյանի անունով։
Օրվա երկրորդ կեսին Գիտությունների Ակադեմիայի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Վլ. Բարխուդարյանի ծննդյան 90-ամյակին նվիրված նիստ։ Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի Նախագահ, ակադեմիկոս Ռ.Մարտիրոսյանը։ Խոսելով Վ. Բարխուդարյանի մասին, որպես ՀՀ Գիտությունների ակադեմիայի «նահապետի», նա նշեց, որ Ակադեմիայի կյանքը կարելի է բաժանել նախաբարխուդարյանական եւ ետբարխուդարյանական շրջանների։ Բնութագրելով ակադեմիկոսին որպես գիտության անխոնջ մշակի եւ որպես անփոխարինելի ընկերոջ՝ ակադեմիկոս Ռ. Մարտիրոսյանը երիտասարդ գիտնականներին հորդորեց օրինակ վերցնել ականավոր պատմաբանի գիտական եւ կենսաբարոյական հարուստ փորձից։ Ակադեմիայի նախագահն իր խոսքում անդրադառնալով Վ. Բարխուդարյանի բնավորության կարեւոր գծերին խոսեց նրա հավատարմության եւ նվիրվածության մասին Հայաստանի գիտությունների ակադեմիային։ Տարբեր տարիներ, զանազան բարդ իրավիճակներում նա առանց վարանելու միանշանակ կանգնել է ակադեմիայի շահերի պաշտպանության դիրքերում, անգամ ընդդիմանալով հանրապետության նախագահներին եւ որպես կանոն՝ հաջողելով։
Կարդացվեց Սփյուռքի Նախարար Հրանուշ Հակոբյանի հոբելյանական ուղերձը։
Ապա ելույթ ունեցավ Էջմիածնի արարողակարգի եւ արտաքին հարաբերությունների բաժնի պատասխանատու Տ. Նաթան արք. Հովհաննիսյանը, որն արժեւորելով Վ. Բարխուդարյանի գիտական վաստակը, անդրադարձավ պատմաբանի Էջմիածնի Բարձրագույն հոգեւոր խորհրդում ունեցած նրա գործունեությանը, ինչպես նաեւ նրա մեծ ավանդին Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց դպրատան եւ վերջինիս գիտական գործունեության կայացման հարցում։ Մայր Աթոռի կողմից ակադեմիկոսը արժանիորեն պարգեւատրվել է Ս. Էջմիածնի Ս. Սահակ- Ս. Մեսրոպ շքանշանով։
Ակադեմիայի հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յ. Սուվարյանն իր խոսքում նշեց, որ թերեւս սակավ են եղել համատեղ աշխատելու տարիները, սակայն դա էլ բավական էր, հասկանալու համար, որ Վ. Բարխուդարյանն առանձնահատուկ անձնավորություն էր՝ իր կոչմանը հավատարիմ, գիտակազմակեպչական գործունեությանը զուգահեռ ամեն տարի հրատարակելով արժեքավոր գիտական հոդվածներ ու մենագրությւններ, խմբագրելով ակադեմիական ժողովածուներ, ինչպես նաեւ «Հայոց պատմության» դպրոցական դասագրքեր, ղեկավարել ասպիրանտներ։ Նրա առօրյայում հատկապես պատմագրության եւ հայագիտության հիմնախնդիրները մտահոգության առանձնակի կարեւորություն ունեին։
Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ա. Մելքոնյանն իր հակիրճ ելույթում նշեց, որ Վ. Բարխուդարյանն ամենաակտիվ մասնակցությունն է ունեցել հանրապետության պատմագիտական մտքի ձեւավորման ու զարգացման գործում։ Չի կարելի չարժեվորել նրա լուրջ ներդրումը Պատմության ինստիտուտի կողմից ստեղծված հայ ժողովրդի հնագույն շրջանից մինչեւ մեր օրերն ընդգրկող պատմության ակադեմիական ութհատորյակի ստեղծման (1960-1970-ական թթ.) գործում՝ որպես հեղինակ, խմբագիր եւ գիտակազմակերպական աշխատանքների համակարգող։ Նրա լուման մեծ է նաեւ Պատմության ինստիտուտի կողմից ներկայումս հրատարակության ընթացքում գտնվող «Հայոց պատմության» հատորների ստեղծման գործում։ Նրա մասնակցությամբ ու խմբագրությամբ լույս են տեսել «Հայ գաղթաշխարհի պատմության» երեք հատորները։ Թվարկումը կարելի է երկար շարունակել, ընդգծելով սակայն ակադեմիկոսի անուրանալի եռանդն ու ազգանվեր գործունեությունը Հայաստանում եւ սփյուռքում՝ հայագիտական ուժերի համախմբման, մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող հումանիտար գիտությունների շարունակական զարգացումն ապահովելու համար։
Վ. Բարխուդարյանի մասին իրենց մտորումներով կիսվեցին նաեւ ակ. Վիլեն Հակոբյանը, Երեւանի Պետական Համալսարանի Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, Սփյուռքահայ հասարակական գործիչ Երվանդ Փամբուկյանը, պատմաբան, «Վեմ» գիտական ամսագրի գլխավոր խմբագիր Գեւորգ Խուդինյանը եւ այլոք։
Նախագահության միջոցառման պաշտոնական մասը շարունակվեց գրքերի շնորհանդեսով։ Վ. Բարխուդարյանի 90-ամյա հոբելյանի առիթով, Պատմության ինստիտուտի նախաձեռնությամբ հրատարակվեցին երկու հատորներ, որոնցից առաջինը ականավոր պատմաբանի «Ֆեոդալական հողատիրությունը Հայաստանում 9-11-րդ դարերում» թեմայով դեռեւս անտիպ թեկնածուական ավարտաճառն էր, որը ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Միջին դարերի պատմության բաժնի նախաձեռնությամբ, որպես մենագրություն, հանձնվեց պատմաբանների լայն շրջանակների ուշադրությանը։
«Վլադիմիր Բարխուդարյան - 90» վերտառությամբ երկրորդ հատորյակն ամփոփում է ակադեմիկոսի կյանքի եւ գիտակազմակերչական գործունեության համառոտ ակնարկը, հրատարակությունների ժամանակագրական ցանկը, Վ. Բարխուդարյանի աշխատությունների ու հոդվածների մասին տարբեր տարիների ու հեղինակների կողմից հրատարակված գրխոսություններ ու կարծիքներ, նրան ուղղված հոբեյանական շնորհավորանքներ, հուշեր ու գեղեցիկ պատմություններ, որոնց առանցքում մեծ գիտնականն է, անփոխարինելի ընկերն ու իր հողին ու հայրենիքին անմնացորդ նվիրված քաղաքացին։ Հատորյակը հարստացնում են Վ. Բարխուդարյանի կյանքի տարբեր շրջաններին ու ոլորտներին վերաբերվող լուսանկարները։
Գրքերի շնորհանդեսին հաջորդեց Հանրային հեռուստաըներության Հ3 հեռուսաալիքի նախաձեռնությամբ իրականացված «Մի կյանքի պատմություն. Վլադիմիր Բարխուդարյան» ֆիլմի ցուցադրությունը։
Հոբելյանական միջոցառումները եզրափակվեցին Պատմության ինստիտուտի «Հայ գաղթօջախների եւ Սփյուռքի պատմության» բաժնի կազմակերպած գիտական նստաշրջանով, ուր իրենց բովանդակալից զեկուցումներով հանդես եկան բաժնի գիտաշխատողները. պ.գ.դ., պրոֆ., Գևորգ Ստեփանյանը (Շամախիի թեմական դպրոցի պատմությունից), բ.գ.թ. Արծվի Բախչինյանը, (Հայերի ներկայությունը Օվկիանիայում), Էլիզաբեթ Թաջիրյանը (Աղդոլոների պատկերասրահը Ֆլորենցիայում, 18-րդ դար), պ.գ.թ., Վահրամ Ղարախանյանը (Հայ-հրեական առնչությունները, պատմական ակնարկ. վաղ ժամանակներից մինչև մեր օրերը), պ.գ.թ., Քնարիկ Ավագյանը (ԱՄՆ-ի հայերը հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում 19-րդ դ. վերջ-20-րդ դ. սկիզբ), պ.գ.թ., դոցենտ Հովհաննես Ալեքսանյանը (Հայերը Լեհաստանում և Մերձբալթյան հանրապետություններում արդի փուլում) եւ պ.գ.թ. Վահե Սարգսյանը (Ջավախահայության դիրքորոշումը 1991 թ. մարտի 17-ի ԽՍՀՄ պահպանման վերաբերյալ հանրաքվեի նկատմամբ)։
Վ. Բարխուդարյան - պատմաբանը իր դարակազմիկ կերպարով ու գործունեությամբ դեռ երկար կապրի հայ պատմագիտական մտքի ներկայացուցիչների գիտական աշխատանքների ու հիշողության մեջ։
ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի
«Հայ գաղթօջախների եւ սփյուռքի
պատմության» բաժնի գիտաշխատող
Էլիզաբեթ Թաջիրյան
(22. 09. 2017 թ.)