ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի նախաձեռնությամբ 2025 թ․ մայիսի 6-ին Երևանում տեղի ունեցավ «Հայ ժողովուրդը Համաշխարհային և Հայրենական մեծ պատերազմներում․ չլուսաբանված էջեր» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված Երկրորդ համաշխարհային և Հայրենական մեծ պատերազմներում տարած հաղթանակի 80-ամյակին։ Գիտաժողովի նպատակն էր ցույց տալ հայ ժողովրդի զգալի ավանդը պատերազմներում տարած հաղթանակում, անդրադառնալ հայության, առանձին անհատների մասնակցության չլուսաբանված էջերին և այլն։
Միջազգային գիտաժողովին մասնակցում էին ինչպես Պատմության ինստիտուտի, Հանրապետության տարբեր բուհերի և գիտահետազոտական հաստատությունների առաջատար մասնագետները, այնպես էլ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ընդհանուր պատմության ինստիտուտի պատվիրակությունը ի դեմս` միջազգային գիտական համագործակցության բաժնի վարիչ, պ.գ.թ. Վիկտոր Իշչենկոյի, գիտական քարտուղար Մաքսիմ Յակովլևի և կրտսեր գիտաշխատող Տատյանա Մելնիչենկոյի։ Վերջիններս պարգևատրվեցին Պատմության ինստիտուտի «Մովսես Խորենացի» հուշամեդալով։ Հայրենական մեծ պատերազմի պատմության ուսումնասիրության առաջատար մասնագետ, Պատմության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, պ․գ․դ․ Կլիմենտ Հարությունյանը ծննդյան 85-ամյակի և պատերազմների պատմության ուսումնասիրության ոլորտում ունեցած նշանակալի ավանդի համար ևս պարգևատրվեց ինստիտուտի հուշամեդալով։