Սույն թվականի ապրիլի 10-ին համագործակցության հուշագիր է կնքվել ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի և Ավստրիայի Իննսբրուկի համալսարանի Հին պատմության և Հին Մերձավոր Արևելքի հետազոտությունների ինստիտուտի միջև։ Համագործակցությունը ենթադրում է համատեղ գիտաժողովների կազմակերպում, գիտական աշխատանքների հրատարակում, գիտաշխատողների փոխանակում և մի շարք այլ կետեր, որոնք միտված են Հին Հայաստանի պատմության համակողմանի ուսումնասիրությանը։
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը հուշագրի կնքման ժամանակ առանձնապես շեշտել է Հին Հայաստանի պատմության ուսումնասիրության կարևորությունը ինստիտուտի համար։ Իննսբրուկի համալսարանի Հին պատմության և Հին Մերձավոր Արևելքի հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն դոկտոր Վալտեր Կունտները ջերմ ընդունելության համար խորին շնորհակալություն է հայտնել պարոն Մելքոնյանին և նշել, որ հուշագրի կնքումը խիստ կարևոր նշանակություն ունի ավստրիական հաստատության համար։